Բրունո Ֆերնանդեշը` Պրեմիեր լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Անցած ամսվա երեք խաղերում պորտուգալացին խփել է 3 գոլ:
Ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող 25-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց մրցաշրջանի ամսվա խաղացող: Նախկինում դա հաջողվել էր միայն վեց խաղացողի՝ Մոհամեդ Սալահին, Ջեյմի Վարդիին, Հարի Քեյնին, Կրիշտիանու Ռոնալդուին, Դենիս Բերգկամպին և Ռոբի Ֆաուլերին:
Հունիսի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էին հավակնում նաև հարձակվող Անտոնի Մարսիալը («Մանչեսթեր Յունայթեդ»), պաշտպան Քոնոր Կոադին («Վոլվերհեմփթոն»), հարձակվող Ռաուլ Խիմենեսը («Վոլվերհեմփթոն»), կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենը («Նյուքասլ») և հարձակվող Դենի Ինսը («Սաութհեմփթոն»):