211652_close_icon
views-count35491 դիտում article-date 16:26 28-06-2020

Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, եթե սնունդ եք ուզում ընդունել, պատվիրեք․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոսել է ոչ պարտադրված լոքդաունի մասին, որտեղ վերջինս թվել է, թե որոնք են անհրաժեշտ է գիտակցված լոքդաունի պահանջները․ «Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։ Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։ Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։ Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։ Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։ Մի այցելեք ձեր հարազատներին, եթե կենսական անհրաժեշտություն չկա, առժամանակ շփվեք հեռավար կապի միջոցներով։ Այդ զոհողությունը պետք է հենց նրանց կյանքը փրկելու համար։ Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։ Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։ Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր