211652_close_icon
views-count2299 դիտում article-date 21:06 26-06-2020

Բաց նամակ նախարարին՝ կարգավորեք Արգիճի գետից ջրի բաշխումը՝ առաջնահերթ հաշվի առնելով բնակիչների կարիքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին: Նամակում նշված է. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ոռոգման ջրի անբավարարության մասին ահազանգ են ստացել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչներից: Տեղում ուսումնասիրելով իրավիճակը, կատարելով պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրություն՝ պարզել են հետևյալը: Հայաստանի խոշորագույն գյուղերից մեկը հանդիսացող Ներքին Գետաշենի 100-ից ավելի հեկտար հողատարածքներ մնացել են անջրդի ոռոգման ջրի սակավության պատճառով: Գյուղի ոռոգման հիմնական աղբյուրը Արգիճի գետն է: Ներքին Գետաշենն իր 539.18 հա հողերի ոռոգման խնդիրը լուծում է՝ օգտվելով «Գեղարքունիք» ՋՕԸ-ի ծառայությունից, ինչպես նաև 2018թ-ին Ներքին Գետաշենի համայնքապետարանի կողմից ստացված ջրօգտագործման թույլտվություններով (Արգիճի գետից 1,814 միլիոն խմ և 1 խորքային հորից 0,285 միլիոն խմ) սահմանված ջրաքանակների հաշվին: Տեղում կատարած տեղազննման և բնակիչների հետ անցկացված հարցազրույցներից պարզ դարձավ, որ բացի վերոնշյալ աղբյուրներից, բնակչության մի զգալի մասը՝ մոտ 300 տնտեսություն, ոռոգման ջրի իր կարիքները հոգում է Արգիճի գետից ինքնաշեն (առանց ջրօգտագործման համապատասխան թույլտվության) համակարգերի օգտագործմամբ, սակայն նրանք հիմնականում մնում են առանց ջուր «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի և այլ ջրօգտագործողների կողմից ոռոգման սեզոնին գետից ջրառի արդյունքում: Այսինքն, ստեղծվել է ջրառի չկանոնակարգված և քաոսային իրավիճակ, ինչը հանգեցրել է սոցիալական լուրջ խնդիրների և կոնֆլիկտների, որն ավելի քան սրվել է COVID-19-ի համավարակով պայմանավորված արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց հողագործությամբ զբաղվել չկարողանալու պատճառով: Ըստ Ներքին Գետաշենի շահառու բնակիչների՝ այս իրավիճակը պայմանավորված է նաև «Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից իրենց ոռոգման համակարգի ոչ ճիշտ կառավարման արդյունքում համակարգի քայքայմամբ և ջրի անարդարացի բաշխմամբ, ինչն առիթ է տվել, որ նրանք հրաժարվեն ՋՕԸ-ի ծառայություններից: Ոռոգման ջրի կոնֆլիկտները շարունակական են և սկսվել են 2012թ-ից՝ «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո, որը տարեկան 50.1 միլիոն խմ ջուր է վերցնում Արգիճի գետից 9527մ երկարությամբ խողովակաշարով՝ սակավաջուր թողնելով գետի զգալի հատված և Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն համայնքների հողատարածքները: Այս կոնֆլիկտները լուծում են գտնում ոչ իրավական դաշտում, այլ համայնք-ՋՕԸ-ՓՀԷԿ ղեկավարության անձնական փոխպայմանավորվածությունների հիման վրա, ինչը չի տալիս իր ցանկալի արդյունքը, քանի որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը խախտում է պայմանավորվածությունը՝ օգտագործելով գետի ջուրը ոռոգման սեզոնին: Նշենք, որ «Արգիճի» ՓՀԷԿ-ի շահագործման ՋԹ-ի ժամկետն ավարտվել է 2017թ. մարտի 21-ին: Մեր կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առ այսօր ՓՀԷԿ-ի նոր կամ երկարացրած ՋԹ-ի տրամադրումը բացակայում է, և, ըստ էության, ՓՀԷԿ-ն աշխատում է ապօրինի: Ավելին, «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման և շահագործման թույլտվությունները եղել են անօրինական, քանի որ ՓՀԷԿ-ի կառուցման պահին ՓՀԷԿ-ի կառուցման համար տրված թույլտվություններն արդեն իսկ կորցրել էին իրենց իրավական ուժը, ազդակիր համայնքներում չեն անցկացվել հասարակական լսումներ, հետևաբար բացակայում են հասարակական լսումներից պահանջվող արձանագրությունները: Նշենք նաև, որ ի թիվս Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված և շահագործվող մյուս ՓՀԷԿ-երի, «Արգիճի» ՓՀԷԿ-ը ևս խախտում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում ոչնչանում է Սևանի ավազանի յուրահատուկ և էնդեմիկ ձկնաշխարհը, խախտվում է Սևանա լճի ավազանի էկոհամակարգը: Ելնելով վերոնշյալից՝ խնդրում ենք` • բարձրացված խնդիրներին տալ վերջնական համակարգային լուծումներ • կասեցնել «Արգիճի» ՓՀԷԿ-ի անօրինական գործունեությունը • կարգավորել Արգիճի գետից ջրի բաշխումը՝ առաջնահերթ հաշվի առնելով բանկիչների կարիքները»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր