211652_close_icon
views-count2192 դիտում article-date 19:36 25-06-2020

Պարզաբանում. Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե՝ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են: Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել: ՀՀ կառավարության ս.թ. հունիսի 25-ի նիստում Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեով հաստատված ծախսերն ավելացնելու կամ որևէ լրացուցիչ միջոցների հատկացման մասին հարց չի ներկայացվել: Կայացված որոշմամբ ընդամենը փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմին 2020 թվականի համար պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված և հատկացված միջոցներով ծախսեր իրականացնելու ընթացակարգում` փոփոխելով սահմանված չափաքանակները: Պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների ընդհանուր գումարը մնացել է նույնը, կրկնենք՝ այն չի ավելացել: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը, ելնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակից, արդեն իսկ պետական բյուջե է վերադարձրել 2020թ. երկրորդ կիսամյակ համար աշխատակազմի պարգևավճարների և նախագահի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից շուրջ 152 մլն դրամ: ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած վերոհիշյալ որոշումը կնպաստի Հայաստանում համավարակի տարածման սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող միջոցառումներն ավելի օպերատիվ դարձնելուն: Բացառապես բարեգործական, մշակութային և սոցիալական նշանակության այդ միջոցառումները կդառնան ավելի նպատակային և կիրականացվեն առավել կարճ ժամկետներում: Հորդորում ենք լրատվամիջոցներին մասնավորապես Հանրապետության նախագահի աշխատակազմին վերաբերող լրատվություն հրապարակելիս լինել ավելի ուշադիր և օբյեկտիվ՝ խուսափելու թյուրիմացություններից: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Արմեն Սարգսյանը բնակվում է իր սեփական առանձնատանը, և ոչ թե պետության կողմից նախատեսված կառավարական առանձնատանը: Հանրապետության նախագահը նաև աշխատավարձ չի ստանում ո՛չ կանխիկ, ո՛չ էլ անկանխիկ եղանակով: Նախագահն իր աշխատավարձը կամ փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ուղղում բարեգործական նպատակների, այդ թվում՝ որպես աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին կամ սահմանամերձ բնակավայրերի երեխաներին: Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ իրականացվել են նմանատիպ մի քանի միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր