211652_close_icon
views-count1452 դիտում article-date 10:47 18-06-2020

Պատկերացնո՞ւմ եք, որ Բեռնար Ռիեն ժանտախտի ժամանակ ասեր, որ ծառայում է ժողովրդին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ես իմ ողջ կյանքի ընթացքում խոնարհաբար ծառայել եմ իմ ժողովրդին»՝ առնվազն 25 դար այս «մոգական բանաձևը» կրկնում են աշխարհի գրեթե բոլոր իշխանավորները, ինչպես նաև քաղաքական գործիչները: Այդպես են խոսում արյունալի բռնակալներն ու ժողովրդավարական ճանապարհով եկած ղեկավարները, ամենացինիկ կոռուպցիոներներն ու այդ առումով պարկեշտության սահմանները չանցնողները: Բայց դա, հավանաբար, այն խոնարհությունը չէ, որի մասին ասված է Աստվածաշնչում: Հիշո՞ւմ եք՝ փարիսեցին տաճարում գլուխ է գովում իր խոնարհությամբ, իսկ մաքսավորը, առանց աչքերը վեր բարձրացնելու ներողություն է խնդրում Աստծուց իր մեղքերի համար: Հիսուսը եզրակացնում է. «Մաքսավորն է, որ արդարացած տուն գնաց և ոչ թե փարիսեցին, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի, և ով խոնարհում է իր անձը, պիտի բարձրանա» (Ղուկաս, 18, 14): 25 դար «իրենց ժողովրդին ծառայելուց» հետո աշխարհի իշխանավորները թերևս կարող են մի փոքր հանգստանալ և մտածել Մարդուն ծառայելու մասին: Տարբերությունը, կարծում եմ, հսկայական է. «ժողովրդին ծառայելը» սովորաբար ենթադրում է ինչ-որ «սակրալ» ճշմարտությունների իմացություն, որոնք «իրավունք են տալիս» մարդկանց ոտնատակ անելու: Պատկերացնո՞ւմ եք, որ Քամյույի հերոս Բեռնար Ռիեն ժանտախտի ժամանակ հայտարարեր, որ ծառայում է ժողովրդին: Կարո՞ղ է պատահել, որ նման բան ասեր, օրինակ, Յոհան Սեբաստյան Բախը: Կամ Ներսես Շնորհալին (որն, ի դեպ, իշխանավոր էր): Մարդկանց ցավ պատճառելու մոլուցքը, որպես կանոն, ուղեկցվում է Արդարությանը, Ժողովրդին, Քրիստոսին կամ Ալլահին ծառայելու հավաստիացումներով ու վերջիններիս անունից «ճիշտ ճանապարհից շեղվածներին» պատժելու իրավունքի հայտարարագրմամբ: Դա, ինչպես հիմա ընդունված է ասել, մանիպուլյացիա է, որի նպատակն է մարդկանց վերահսկելը: Անկախ նրանից, թե ով է իր կամքը պարտադրում՝ ծնողն իր երեխային, աղանդի «քրմապետը»՝ իր հոտին, թե փողոցային հռետորը՝ ժողովրդական զանգվածներին, էությունը նույնն է. «Բավարարի՛ր իմ ցանկությունները, քմահաճույքները, հակառակ դեպքում քեզ սարսափելի պատիժներ են սպասում»: Իսկ «հանուն գաղափարի» պատիժներ իրականացնելու սրբազան պարտականությունը կատարում է հենց ինքը՝ «քրմապետը» իր «շարքային քրմերի» օգնությամբ: ․․․Այս օրերին դիտում եմ այլընտրանքային պատմության ժանրի մի սերիալ, որտեղ նացիստների առաջնորդն ասում է. «Այո, կզոհվեն միլիոնավոր մարդիկ, բայց դա կլինի աշխարհում վերջին պատերազմը, որից հետո սկսվելու է համընդհանուր երջանկության և բարեկեցության լուսավոր դարաշրջանը»: Բայց դա պատրանք է. ցանկացած «պատերազմից» հետո, անկախ դրա մասշտաբից, լինելու է նոր, ավելի մեծ «զոհեր» պահանջող «պատերազմ»: «Պատերազմ» և «զոհեր» բառերը չակերտների մեջ եմ առնում: Հուսով եմ, պարզ է, թե ինչի մասին է խոսքը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր