211652_close_icon
views-count57020 դիտում article-date 10:43 08-12-2017

Պատկերացնո՞ւմ եք, հայ աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում: Թերևս բոլորը մտածում էին, թե սա անեկդոտ է: Իրականում սա մտածելակերպ է, կյանքի կրեդո, նույնիսկ կարելի է ասել՝ «քաղաքական» դիրքորոշում, աշխարհայացք: Հիմա ուշադիր կարդանք մի մեջբերում. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: ... Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանն է, որը այս մասին ասել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանելիս: Հիմա ուշադիր կարդանք ևս մի մեջբերում factor.am կայքից: «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել... Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»: Այս խոսքերի հեղինական էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է, որը մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ վարչապետի, մի քանի ամիս էլ՝ ԱԺ նախագահի պաշտոնը: Փաստորեն «մեկ ա, ես 1000 դրամի եմ լցնում» արտահայտությունը հորինովի չէ: Կան մարդիկ, ընդ որում՝ բարձրաստիճան, որ հենց այդպես են մտածում: Միայն թե ոչ իրենց վերաբերվող դեպքերում, այլ ուրիշների: Ի՞նչ են ասում ՀՀԿ-ական այս երևելիները: Կարագը թանկացե՞լ է. հա, ի՞նչ անենք, մեկ ա, աղքատները կարագ քիչ են օգտագործում, հիմա մի քիչ ավելի քիչ կօգտագործեն ու նույնիսկ չեն էլ զգա: Ընդ որում, Հակոբ Հակոբյանը համոզված է, որ աղքատները թանկ ապրանք չեն գնում ոչ թե այն պատճառով, որ փող չունեն, այլ ուղղակի դա հնուց եկած սովորություն է, հասկանո՞ւմ եք՝ խասիաթ: Թե չէ կառնեին թանկ ապրանքներ: Բայց չեն առնում, սովոր չեն, էլի, մանկուց այդպես են դաստիարակվել, կամ «շրջապատ են ընկել», կամ թանկ ապրանքներից ֆոբիաներ ունեն ...: Երևի շատ կզարմացնենք Խոսրով Հարությունյանին, եթե պնդենք, որ Հայաստանում աղքատները այնքան են աղքատացել, որ նույնիսկ սկսել են ավելի քիչ կարտոֆիլ օգտագործել: Սա օդից վերցրած պնդում չէ: Սա փաստ է, որը արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն: Այն նույն ԱՎԾ-ն, որի նկարած տնտեսական աճերով հիանում են նույն այդ ՀՀԿ-ականները: Իսկ ԱՎԾ-ի տվյալները հետևյալն են: Երբ 2008 թվականին ՀՀԿ-ն ստանձնեց լիարժեք իշխանությունը, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ամսական սպառում էր միջինը 3.3 կիլոգրամ կարտոֆիլ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է արդեն 2.8 կիլոգրամ: Այսինքն, ամենաաղքատները հիմա 15 տոկոսով ավելի քիչ են կարտոֆիլ օգտագործում, քան 8 տարի առաջ: Կանխազգալով հնարավոր «հակահարվածը», թե կարտոֆիլ ավելի քիչ են օգտագործել, բայց ավելի շատ միս, կարագ ու միրգ են կերել, բերենք նաև մյուս տվյալները: 10 տոկոս ամենաաղքատ բնակչության ներկայացուցիչները 2008 թվականին օգտագործել են ամսական միջինը 200 գրամ կարագ և յուղ, իսկ 2016 թվականին՝ 100 գրամ: Այսինքն, 2 անգամ քիչ: 2008 թվականին նրանք սպառել են ամսական մեկ կիլոգրամ միս ու մսամթերք, իսկ 2016-ին՝ 900 գրամ: Նվազումը՝ 10 տոկոս: 2008 թվականին նրանք սպառել են ամսական 2 կիլոգրամ միրգ ու հատապտուղ, 2016-ին արդեն 1.7 կիլոգրամ: Նվազումը՝ 15 տոկոս: Շաքարի սպառումը ամենաաղքատների կողմից նվազել է երկու անգամ...: Այս տվյալները Խոսրով Հարությունյանին թերևս շոկի մեջ կգցեն: Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք: Ավելին՝ միրգ ու շաքար էլ են օգտագործում: Իսկ պարոն Հարությունյանը համոզված է, որ աղքատները պետք է միայն կարտոֆիլ ուտեն: Ինչպիսի հարված, ինչպիսի հիասթափություն: Տպավորությունն այնպիսին է, որ աղքատները դա անում են ի հեճուկս Խոսրով Հարությունյանի՝ նրա ինադու: Ընդ որում անում են հատուկ դաժանությամբ: Բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ճիշտ ուղու վրա է: Եթե իր լիակատար իշխանության 8 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են ուտում, ապա ևս այդպիսի մի 8 տարի, ու ԱՎԾ-ն ստիպված կլինի արձանագրել, որ Խոսրով Հարությունյանը հասել է իր նպատակին՝ մարդիկ միայն ու միայն կարտոֆիլ են ուտում, այն էլ մի 3 անգամ պակաս, քան հիմա: Սա հեգնանք չէ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեծ հաշվով հենց դա է ՀՀԿ-ի նպատակը: Աղքատության նվազեցումը ուղղակի սպառնալիք է ՀՀԿ-ի համար: Ընտրությունների ժամանակ ավելի քիչ աղքատ մարդկանցից ընտրակաշառքով ձայն առնելը ավելի դժվար է՝ ավելի թանկ: Եվ ուրեմն հանուն ՀՀԿ-ի վերարտադրման մարդիկ պետք է լինեն աղքատ, բայց ոչ այնքան, որ սովից մեռնեն, որ ընտրակաշառք վերցնեն ու քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ու այս մասին երեկ ըստ էության խոստովանել է նաև Հակոբ Հակոբյանը: «Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»,- ասել է Հակոբյանը: Դե մարդիկ մի քիչ քիչ կսնվեն, բայց սովից չեն մեռնի, հետևաբար «հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»: Պարզ ու հասկանալի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր