3046 դիտում
19:54 17-06-2020
Այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է
Սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1971 թ. հունիս
Այս օրերին անասելի դժվար է՝ շրջված ավտոմեքենայի պես մեր սրտին փլված վշտի ծանրության տակից դուրս քաշել խելացի բառեր՝ գծելու համար Պարույր Սևակի թեկուզ շատ մասնակի պատկերը: Թող այդ ջանան անել գրականագետները: Իսկ ես արցունքից աղոտացած աչքերով նայում եմ սգավոր մորը՝ հասկազուրկ ցողունի պես ցամքած, կուչ եկած ազիին, նայում եմ վշտից հազիվ շնչող հոր՝ Ռաֆայել ամու սև ու երկար արխալուղի թևաթափ փեշերին, լսում եմ իրար գլխի հավաքված գյուղական հարազատների՝ խոյի թանձր բարբառով աղաղակվող ողբը ու անընդհատ ուզում եմ մրմնջալ «հրա՜շք», «հրա՜շք», « հրա՜շք»...
Աստվա՜ծ իմ, ի՜նչ անվերծանելի կուտակումներ կային լերկ, քարքարոտ, աշխարհի աչքից հեռու այս անկյունում ծնված գեղջուկ, արևախանձ, զրկանքով ու քրտինքով ապրող այս ազգ ու տակից սերված Պարույրի մեջ: Մեր ծալ-ծալ անցյալի ո՞ր հողաշերտերից էր ժայթքում, ոսկեդարի ի՞նչ ոսկեղեն ակունքներից էր գոյանում ու երկրի երես ելնում նրա ազնվական էությունը, հոգու նարեկացիական բարդբարդումներն ու ծառացումները: Էլ ինչպե՜ս չհավատաս, որ հիրավի հայ շինականի հորովելաշունչ հառաչներից է սերվել մեր եկեղեցական երկնասլաց երաժշտությունը, որ գեղջուկ մի բարբառի կոշտ ու հողաբույր բազմերանգությունից է նրբակերտվել մեր մարմարյա գրաբարը. ինչպե՜ս չհավատաս, քանի որ կար, քանի որ կա Պարույր Սևակ, կա նրա ծննդյան հրաշքը:
Իսկ այդպիսի ծնունդները մենակ չեն ծնվում: Նրանց հետ աշխարհ է գալիս նրանց երկվորյակը՝ անմահությունը, որը, ի վերջո, ավելի կայուն է և ավելի ռեալ, քան այս դաժանորեն շոշափելի ռեալականությունը՝ այս զույգ դագաղները, կափարիչների սևափայլ թավիշը, բետոնապատ այս փոսը, հետո էլ՝ այս ծաղկառատ հողաթումբը...
Հայրենի ժողովրդին փառաբանող շատ տողեր ունի Սևակը ու դրանց մեջ լավագույններից է հետևյալը՝ «եթե ճնշել ենք, ապա՝ վերքերով»: Իր ամբողջ կյանքում Սևակը ապրեց իսկ և իսկ իր ժողովրդի պես՝ ստեղծելով, տառապելով, ոգորելով: Ու եթե ճնշեց նա մեզ, ապա միայն իր մահվան այս ահռելի, անդարմանելի, սիրտ ու սյուն փլեցնող վերքով...
Դու այս ի՞նչ արիր, տո լա՜ճ տնավեր...
[b]Սիլվա Կապուտիկյան
#հիշատակիօր[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15827 դիտում
13:44 17-06-2018
Այսօր հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է
3403 դիտում
15:14 24-01-2016
Այսօր մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է
5753 դիտում
19:00 17-06-2016
Այսօր Պարույր Սևակի մահվան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
538 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
820 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել