720 դիտում
10:37 02-06-2020
Այս պահին կարելի է մի կողմ թողնել իրար ոչնչացնելու ծրագրերը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1991 թվականից ի վեր Հայաստանի քաղաքական կյանքը կառուցվում է «զրոյական արդյունքով խաղի» կանոններով: Տվյալ դեպքում դա նշանակում է, որ հակադիր քաղաքական ուժերի նպատակը միայն մեկն էր՝ իրար ոչնչացնելը, իսկ խաղաղ համագոյակցության և մրցակցության տարբերակը երկուստեք բացառվում էր: Իշխանությունը մշտապես ասում է՝ «ի՞նչ ընդդիմություն, նրանք բոլորը հանցագործ են»: Ընդդիմությունն էլ է նույնը պնդում՝ «ի՞նչ իշխանություն, նրանք բոլորը ազգի դավաճաններ են, նրանց տեղը բանտն է»:
Գրեթե 30 տարվա այդ ավանդույթը կայուն կարծրատիպեր է ձևավորել նաև հասարակության մեջ. եթե որևէ մեկն ասում է որևէ բան, որը չի համապատասխանում քո համոզմունքներին, ուրեմն դրա հետևում կանգնած են հանցագործներն ու դավաճանները, որոնք պետք է ոչնչացվեն կամ առնվազն լռեցվեն: Երբ ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, որոնք չեն ընդունում այդ ծայրահեղությունները, նրանք համարվում են առավել վտանգավոր, որովհետև փորձում են շեղել մարդկանց «սրբազան պատերազմից»:
Բայց հիմա Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով՝ վիճակագրությունն անմխիթար է, արդեն յուրաքանչյուրիս ընկերների և ծանոթների շրջանում կան վարակվածներ և, ցավոք, նաև մահացածներ: Մասնագետներն ասում են, որ մոտակա շաբաթների ընթացքում սպասվում են ավելի ծանր փորձություններ: Համավարակն ինչ-որ առումով ավելի լուրջ մարտահրավեր է, քան պատերազմը, որի դեպքում դու ընդհանուր առմամբ գիտես, թե որտեղից է քեզ վտանգ սպառնում, իսկ հիմա «թշնամին» անտեսանելի է և հազարապատիկ ավելի նենգ: Նա չի շրջանցում ոչ մեկին՝ սկսած վարչապետից, վերջացրած փողոցում քնող մուրացկանով: Էլ չասած, որ մեր «ֆիզիկական», ռազմական հակառակորդը պարբերաբար հիշեցնում է հայկական պետականությունը ոչնչացնելու իր ծրագրերի մասին:
Այս պահին, կարծում եմ, կարելի է մի կողմ թողնել իրար ոչնչացնելու ծրագրերը, և կենտրոնանալ վերը նշված երկու խնդիրների վրա: Հասկանում եմ, որ իմ կարծիքը կողմերի համար առանձնապես նշանակություն չունի, բայց վստահ եմ, որ առաջիկա ամիսներին իշխանությունը պետք է հրաժարվի «նախկիններին պատժելու» իր սևեռուն գաղափարից, իսկ ընդդիմությունը զերծ մնա անհապաղ իշխանափոխություն և վարչապետի հրաժարական պահանջելու ծրագրերից: Ընդհակառակը՝ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին պետք է առողջություն ցանկանալ և նպաստել, որ նրա կառավարությունը որքան հնարավոր է արդյունավետ պայքարի համավարակի դեմ: Իհարկե, պետք է լինի նաև քննադատություն, բայց այնպիսի քննադատություն, որը կհուշի այդ պայքարի լավագույն ձևերը:
Մնացած հարցերը հետաձգելի են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2730 դիտում
17:52 28-08-2022
Ընդամենը պետք էր մի կողմ թողնել անձնական ամբիցիաները և կանգնել այս շարժման կողքին. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»