211652_close_icon
views-count12934 դիտում article-date 22:36 01-06-2020

«Եթե այսպես շարունակվի, ստիպված դուրս կգամ աշխատանք փնտրելու». Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը մեկուսացման մեջ է, ապրելու միջոցներ չունի․ ահազանգ. ՀՔԱՎ

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել երևանաբնակ Ս․ Ա․-ը և հայտնել, որ իր կնոջ մոտ մայիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուս, որից հետո ողջ ընտանիքով մեկուսացել են, սակայն որևէ բուժում կինը չի ստանում։ Քաղաքացին ահազանգում է, որ թեստի դրական պատասխանն ստանալուց հետո այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել որևէ իրավասու կառույցի հետ, և հիմա անորոշ վիճակում են։ Պարետատունը ևս հեռախոսազանգերին չի պատասխանել։ Վարչապետի ֆեյսբուքյան էջին գրելուց հետո Հակոբյան Աելիտա անունով անձ, ներկայանալով որպես վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ, հեռախոսահամար է խնդրել հետադարձ կապի համար, բայց այդպես էլ կապ չի հաստատել։ «Եթե այսպես շարունակվի, ի վիճակի չենք լինի գոյատևել, ստիպված դուրս կգամ աշխատանք փնտրելու»,-վերջին անգամ Վարչապետի ֆեյսբուքյան էջին գրել է Ս․ Ա․-ը։ Կնոջ մոտ կորոնավիրուսի կասկած առաջացել է թեստը հանձնելու նախորդ օրը՝ աշխատավայրում ջերմաչափվելուց հետո․ 37 աստիճան ջերմություն է ունեցել, թուլություն է զգացել։ Աշխատավայրից ուղարկել են տուն։ Թեստը հանձնել է Մեդլայն բժշկական կենտրոնում, որտեղից առաջին երեք օրը օրական մեկ անգամ զանգել և հարցրել են որպիսությունը, ճշտել մարմնի ջերմաստիճանը, բայց դրանից հետո այլևս զանգ չի եղել։ Կարմիր Խաչին ևս դիմել է, ասել են, որ գրանցել են, բայց էլի հետադարձ կապ չի եղել։ Միայն Մուրացան բժշկական կենտրոնից, որտեղ գրանցված են որդին ու դուստրը, ամեն օր զանգում և ճշտում են երեխաների ջերմաչափման տվյալները, հարցնում ինքնազգացողության մասին և հորդորում երեխաների ջերմությունը բարձրանալու դեպքում տեղեկացնել ԲԿ-ին։ Բայց իր ու կնոջ առողջական վիճակով այլևս ոչ ոք չի հետաքրքրվում։ Այսօր ընտանիքի ոչ մի անդամ աշխատանք չունի, չեն կարողանում վճարել տան վարձը, ունեն վարկեր։ Ընտանիքը լուրջ սոցիալական, զուտ գոյատևման խնդիրներ ունի: ՀՔԱՎ-ը քաղաքացու ահազանգի վերաբերյալ գրությամբ դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ ահազանգած քաղաքացիների խնդրով զբաղվելու, նմանատիպ իրավիճակում անհրաժեշտ գործողություններն անհապաղ ձեռնարկելու, և հետայսու, արտակարգ դրության պայմաններում, նմանատիպ անտարբեր և անպատասխանատու գործելաոճը իսպառ բացառելու հարցով։

Նմանատիպ նյութեր