211652_close_icon
views-count7311 դիտում article-date 23:14 30-05-2020

Քննիչները կոծկում են շարքային Գալոյանի խոշտանգման փաստերը, նրա մայրը սթրես է տանում. Forrights.am

2019 թվականի հունիսին Հադրութի զորմասում մահացած Վոլոդյա Գալոյանի գործով փնթի քննություն է իրականացվել: Տպավորություն է, թե քննիչները վստահ են եղել, որ ոչ ոք չի վերահսկելու իրենց գործողությունները և արել են, ինչ ցանկացել են, հայտնում է [url=https://forrights.am/2020/05/30/10532/?fbclid=IwAR3hvrXwPaFQVweI39Y9Gv7X7ySazzklYFrOeteIQ_dhBiXeoPGp_w0Pwy8]Forrights.am[/url]-ը: Օրինակ, փորձաքննության չեն ուղարկել տղայի զինվորական հագուստը՝ կիտելն ու գուլպաները: Ըստ Գալոյանի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանի՝ կիտելն ու գուլպաները հայտնաբերելու ու փորձաքննության ուղարկելու միջնորդությունը քննիչները չեն բավարարել, պատասխանելով, որ կիտելն ու գուլպաները կան, բայց դրանք փորձաքննության ուղարկելը նպատակահարմար չեն գտնում: «Գալոյանի տաբատի կոճակները չկան, և հնարավոր է, նրա վերնազգեստի վրա նույնպես «խոսուն» վնասվածքներ են եղել, հետքեր, որոնք պարտակվել են», — ասում է Խանում Մկրտչյանը: Նա հիմնավոր կասկած ունի , որ տղայի վերնազգեստը թաքցրել են նրա մահվան հանգամանքները կոծկելու նպատակով: Փաստաբանը նկատում է, որ միջնորդությունների պատասխաններում հստակ ձևակերպումներ չկան: «Լղոզված պատասխաններ են: Ոնց որ առաջին դասարանցու պատասխաններ լինեն», — ասում է փաստաբանը: Քայլ առ քայլ տուժողի իրավահաջորդը փորձում է պարզել, թե ինչ է կատարվել Հադրութի դիրքում մեկ տարի առաջ, հունիսի 29-ին: Հիշեցնենք, որ 2000 թվականին ծնված Գալոյանը, որը ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, մահացել է գլխի հրազենային վիրավորումից 2019 թվականի հուլիսին: Քննիչները առաջ են տանում ինքնասպանության վարկածը, թեւ այս մեկ տարում բավականաչափ փաստեր են կուտակվել, որոնք պետք է որ հիմք հանդիսանային հրաժարվել դրանից: Յուրաքանչյուր նոր փորձաքննություն գլխիվայր շուռ է տալիս ինքնասպանության վարկածը: Առաջին փաստաթուղթը, որը կասկածի տակ դրեց այն, դատաբժշկական եզրակացությունն էր, ըստ որի Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ դիակի արտաքինզննություն իրականացրած մասնագետը գրել էր ընդամենը երեք վնասվածքի մասին: Ըստ քննիչների, Գալոյանը վեճ էր ունեցել դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ,կրակել էր նրա վրա: Ստեփանյանին հաջողվել է խույս տալ կրակոցներից, իսկ Գալոյանը, իբր՝ ծանր տանելով այս միջադեպը, գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել: Ըստ դատաբժիշկ Շավարշ Գևորգյանի, վնասվածքների մի մասը Գալոյանը ստացել է մահից երկուսից երեք օր առաջ, իսկ մեծ մասը պատճառվել է մահվանից ամիջապես առաջ: Մինչ օրս քննչական մարմինը չի բացատրել, թե որտեղից են հայտնվել տղայի մարմնիմ 22 նասվածքները: «Իրենք ասում են, որ ինքնասպան է եղել ու վերջ: Որևէ բացատրություն ինձ չեն տվել, դեռ մի բան էլ հոգեբանորեն ճնշում են, որ իմ երեխան ինքնասպան է եղել: Ինքը ընդհանրապես պատճառ չուներ: Պարզ է, որ տղայիս ծեծել են, ու սպանել», -ասում է Վոլոդյա Գալոյանի մայրը՝ Էլմիրա Սվարյանը: Որդու մասին խոսելիս նա ծանր սթրես է տանում: Վերջին շրջանում անկայուն հոգեբանական վիճակում է: Վոլոդյա Գալոյանի գործով փորձաքննությունների պատասխանները գալիս են ուշացումներով: Յուրաքանչյուր նոր փաստաթուղթ նոր սթրես է նրա հարազատների համար: Ինքնաձիգի և հագուստի փորձաքննության եզրակացությամբ, որին սպասել էին 8 ամիս, սենսացիոն փաստ է արձանագրվել՝ Գալոյանի ինքնաձիգից կրակվել է 16 փամփուշտ, սակայն գետնատնակի մոտ, որտեղ Գալոյանը, իբր, կրակահերթ է արձակել,հայտնաբերվել է ընդամենը 5 պարկուճ: Քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով, դա նշանակում է, որ դեպքի վայրը կեղծել են: «Դատաձգաբանական փորձաքննությամբ արձանագրվել է, որ Գալոյանի ինքնաձիգին ամրացված փամփշտատուփի մեջ հայտնաբերվել է թվով 13 փամփուշտ: Եւս մեկը հանվել է ինքնաձիգի փողի միջից, այսինքն, ընդհանուր առմամբ Գալոյանի ինքնաձից կրակվել է 16 փամփուշտ, քանի որ փամփշտատուփի տարողականությունը 30 փամփուշտ է, և զինվորները ստանում են դրան համապատասխան քանակության փամփուշտներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել, առգրավվել և փորձաքննության են ներկայացվել թվով 5 պարկուճներ։ Ո՞րտեղ են զենքից կրակված մնացած թվով 11 պարկուճները։ Դրանք սովորաբար ընկնում են կրակողի ոտքերի տակ, կամ լավագույն դեպքում կրակողից 1 մետր հեռու։ Այս փաստը վկայում է այն մասին, որ մենք առ այսօր չունենք իրական դեպքի վայրը, որտեղ կրակոցներ են տեղի ունեցել, ըստ ամենայնի՝ փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ սպանվել է Գալոյանը», — ասում է Մարտիրոսյանը։ Մանրամասները՝ [url=https://forrights.am/2020/05/30/10532/?fbclid=IwAR3hvrXwPaFQVweI39Y9Gv7X7ySazzklYFrOeteIQ_dhBiXeoPGp_w0Pwy8]Forrights.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր