211652_close_icon
views-count184316 դիտում article-date 18:05 28-05-2020

Աբովյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են գեներալին պատկանող ռեստորանային համալիրի մենեջերը, մատուցողը և «Գազպրոմ Արմենիա» Գառնիի ԳԳՄ-ի պետի տղան ու ընկերը, ովքեր կասկածվում են սպանության և այն պարտակելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել են Գառնի գյուղի բնակիչ, 39-ամյա Լուսինե Շ.-ն, Երևանի բնակիչ, 48-ամյա Ռուզաննա Խ.-ն, Գառնի գյուղի բնակիչներ, 33-ամյա Ռոման Մ.-ն և 34-ամյա Սամվել Ն.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Շ.-ն ու Ռուզաննա Խ.-ն կասկածվում են հանցագործությունը պարտակելու և օժանդակելու, իսկ Ռոման Մ-.ն ու Սամվել Ն.-ն՝ սպանություն կատարելու մեջ: 2018 թ.-ի նոյեմբերի 1-ին «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա և պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այն ժամանակ նշված կենտրոն այցելած ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Գառնի գյուղի բնակիչ, 33-ամյա Ռազմիկ Ներսիսյանն է, ով այնուհետև տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 11-ին վերակենդանացման բաժանմունքում մահանում է: Նոյեմբերի 23-ին Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ ու մինչ որոշ մարդիկ մտածում են, որ այս գործն այդպես էլ ավարտ է ունենալու, Կոտայքի մարզային քննչական վարչության ՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի, քննիչ Ա. Ղազարյանի կողմից կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, այնուհետև քննչական խումբը, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների աշխատակիցների հետ՝ Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն և մինչ քննիչներն ու ոստիկանները արդեն դուրս էին եկել հետքի վրա, օրեր առաջ ստացվում է դատաբժշկի եզրակացության փորձաքննության պատասխանը, որ Ռազմիկ Ն.-ն ոչ թե դժբախտ պատահարի հետևանքով է մահացել, այլ սպանության: Հաշված ժամերի ընթացքում Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը պարտակելու և սպանությունը կատարելու կասկածանքով նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են քննչական մարմին և քննիչի կողմից ձերբակալվում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Լուսինե Շ.-ն և Ռուզաննա Խ.-ն աշխատում են Գողթ գյուղում գործող, գեներալ Գուրգեն Մելքոնյանին պատկանող «Ոսկե աքաղաղ» հյուրանոցային համալիրում. Լուսինեն՝ որպես մատուցողուհի, իսկ Ռուզաննան՝ որպես մենեջեր, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ռոման Մ.-ն իր շրջապատում հայտնի է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գառնիի ԳԳՄ-ի պետի տղա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական բաժինը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է քննիչների, այնուհետև օպերատիվ ծառայությունների հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր