211652_close_icon
views-count2014 դիտում article-date 20:57 26-05-2020

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրում ընդգրկված է նաև Լոռու մարզը

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ CENN, «Կանաչ արահետ» (Հայաստան ) և KRDF(Վրաստան) կազմակերպությունների կողմից, Հայաստանում ընդգրկում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերը: Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարեվերջին և ավարտը նախատեսվում է 2022թ. հոկտեմբերին: Մայիսի 25-ին ծրագրի և ակնկալվող արդյունքների ներկայացման նպատակով շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ներկաներին և ծրագրի պատասխանատուներին իր ողջույնի խոսքը հղեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և նշեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվող տեղական խորհրդատվական խմբերի կազմում անպայման կներգրավվեն նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ իրենց մասնակցությունն ունենալով ծրագրի հաջող ընթացքի գործում: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար: «Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և մասնավորապես իրականացված ծրագրերը Լոռու մարզում՝ ընդգծելով, որ Լոռին մասնակցության առումով ամենաակտիվ մարզերից է: «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանն անդրադարձավ առաջարկվող ծրագրից ակնկալվող արդյունքներին: Ծրագիրը նախատեսված է 15-29 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդների համար և նպատակ ունի թիրախային տարածաշրջանների երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացում ապահովել սոցիալական ձեռներեցության ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբմանը, զբաղվածությանը, ներառմանը և անհավասարությունների նվազեցմանը: Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում և Հայաստանում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության համար, կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը: Ընդ որում, սոցիալական ձեռներեցությունը դիտվում է որպես միջոց ապահովելու ավելի մեծ սոցիալական և բնապահպանական օգուտ երկու երկրների թիրախային շրջանների տեղական համայնքների համար և սոցիալական ձեռներեցությունը օգտագործում է որպես գյուղական երիտասարդների աշխատանքի հաջողակ անցում կատարելու տարբերակ: [b] Ակնկալվող արդյունքները հետևյալն են.[/b] 1.Սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության վերաբերյալ ստեղծվել են շահագրգիռ պլատֆորմեր, որոնք արդյունավետորեն նպաստում են Հարավային Կովկասի տարածաշրջանում երիտասարդության համար սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության միջավայրի ստեղծմանը: 2.Երկու երկրների անբարենապաստ պայմաններում գտնվող երիտասարդությունը խրախուսվում է անցնելու արդյունավետ աշխատանքի(կիրականացվեն դասընթացներ, կկազմակերպվեն ճամբարներ, գործողությունների և պլանների մշակում և այլն): 3.Սոցիալական ձեռներեցության նորարարական լուծումների առավելությունները ցուցադրվում են Վրաստանում և Հայաստանում փորձնական սոցիալական նախաձեռնությունների իրականացման միջոցով(այդ թվում՝ «գաղափարների բանկի» ստեղծում): 4.Բարձրացվում է իրազեկվածությունը և բացահայտվում են սոցիալական ձեռներեցության առավելությունները երիտասարդության աշխատանքի անցման համար, որը ևս իր հեթին ենթադրում է մի շարք կարևոր գործողություններ, այդ թվում գյուղական նորարարությունների գիտելիքների 6 կենտրոնների ստեղծում թիրախային տարածաշրջաններում, աշխատանքի տոնավաճառների կազմակերպում և այլն: Հանդիպման ընթացքում ծրագրի Լոռու մարզի համակարգող Քրիստինե Հովսեփյանը ներկայացրեց ծրագրի ակնկալվող դերակատարությունը երիտասարդների ձեռներեցության ակտիվացման գործում և Լոռու մարզի երիտասարդության հիմնահարցերը: Հանդիպման ավարտին ծավալվեց ակտիվ հարցուպատասխան: • Օրվա ավարտին «Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ն. Սարուխանյանը հանգամանորեն ներկայացրեց «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի մանրամասները և ակնկալվող արդյունքները: Նա նշեց, որ Լոռու մարզի երիտասարդներն ամենաակտիվն են հայտերի ներկայացման առումով և հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքում շուկայում մրցունակ և հետաքրքիր գաղափարներով օժտված, նախաձեռնող երիտասարդներ կունենանք: Մարզի ղեկավարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար, նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում: [b] ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր