211652_close_icon
views-count2241 դիտում article-date 16:31 16-07-2020

Առաջընթացի միակ ուղին դինամիկ զարգացում ապահովելն է. կիսամյակային աշխատանքային հաշվետվություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ կիսամյակային աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու բժշկական կենտրոնների տնօրենները՝ ներկայացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատական ցուցանիշներ, խոսելով նաև խնդիրներից և ապագա ծրագրերից: Այս տարվա առաջին կիսամյակին (հատկապես մարտ-ապրիլ ամիսներին), թեև վճարովի ծառայությունների աճի տեմպերը Վանաձորի և Ստեփանավանի ԲԿ-ներում փոքր-ինչ նվազել են, կապված համավարակի հետ, սակայն բացարձակ թվերով ավելին են եղել 2019թ. համեմատությամբ: Ներդրված մի շարք ծառայությունների հաշվին՝ բոլոր բուժհաստատություններում զգալիորեն աճել են պետպատվերով ծառայությունները: Շուրջ 15-20 տոկոսով բարձրացվել են աշխատավարձերը: Վանաձորի բժշկական կենտրոնում այս պահին մահճակալային 190 տեղերից 157-ը զբաղված են: Տնօրեն Վահագն Մկրտչյանը վստահ է՝ շուտով կկարողանան վերականգնել նախորդ տարվա ծավալները և առաջ անցնել: Առավել ևս, որ նոր ծառայություններ են ներդնում.արդեն իսկ ստացել են պերիֆերիկ անօթների ստեդավորման արտոնագիր և հասցրել են անգամ բարեհաջող կերպով 2 վիրահատություն իրականացնել: Առաջիկայում նախատեսում են մարզում մեծ պահանջարկ ունեցող մամոգրաֆիկ ծառայություններ ևս իրականացնել, այլ ծրագրեր նույնպես ունեն, որոնք, վստահ են, բուժհաստատությունը կդարձնի տարածաշրջանում եզակիներից մեկը: Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանը մոտ 2 ամիս է, ինչ ստանձնել է պաշտոնը, սակայն, իր խոսքով, փորձում է նոր շունչ հաղորդել բուժհաստատությանը: Առաջիկայում նախատեսում են լապարասկոպիկ սարքավորում ձեռքբերել, երկրորդ վիրահատարանն են կարգի բերում, նոր ծրագրեր ևս կան և հույս ունեն իրավիճակի կայունացումից հետո նոր թափ հավաքել: Ալավերդու բժշկական կենտրոնն էլ, թեև աճ է արձանագրել պետպատվերի և վճարովի ծառայությունների մասով, փոխարենը նվազում ունի ամբուլատոր-պոլիկլինիկական հատվածում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մոսինյանի տեղեկացմամբ, վերջին տարիներին ձեռքբերված նոր բուժսարքավորումների և ներդրված նոր ծառայությունների հաշվին են կարողացել վճարովի ծառայությունների աճ ապահովել: Մարզի ղեկավարի ընդհանրական ուղերձները բուժհաստատություններին մի քանիսն էին.  չսահմանափակվել առկա ձեռբերումներով և անընդհատ զարգացում ապահովել. սահմանել նշաձող, հասնել ու առաջ անցնել,  մատուցել տարածաշրջանում եզակի ու միաժամանակ բարձրակարգ ծառայություններ ու այդկերպ, կայուն և հաստատուն տեղ ունենալ օրեցօր աճող մրցակցային դաշտում,  ներգրավել բանիմաց և երիտասարդ մասնագետների՝ նրանց համար ապահովելով աշխատանքի հարմարավետ պայմաններ,  առողջ մթնոլորտ ստեղծել կոլեկտիվներում,  պատշաճ վերաբերմունք ցուցաբերել այցելուների և հիվանդների նկատմամբ,  ապահովել բուժսպասարկման բարձ որակ,  իսպառ բացառել ստվերային դրամաշրջանառությունը, այլ արատավոր երևույթներ: -Վանաձորի բժշկական կենտրոնը պետք է լինի դինամիկ զարգացող բուժհաստատություն՝ մատուցվող ծառայությունների որակի ու բազմազանության առումով եզակի ոչ միայն մարզում, այլև հյուսիսային տարածաշրջանում: Կարևոր է նաև, որ մարզի բնակիչները չձգտեն բուժսպասարկում ստանալ մայրաքաղաքում, այլ իրենց առողջությունը լիարժեքորեն վստահեն մեր բժիշկներին: Ինչ վերաբերում է Ստեփանավանի և Ալավերդու ԲԿ-ներին, ապա, լինելով տարածաշրջանները սպասարկող բուժհիմնարկներ, պետք է առավելագույն կերպով ապահովեն ջերմ հարաբերություններ բնակիչների հետ, ովքեր իրենց ցանկացած խնդրի լուծում տեսնում են առողջապահական հիմնարկների պատերի ներքո: Կարևոր է նաև 1-2 եզակի, բարձրորակ բուժծառայությունների ներդրումը, որպեսզի մարզի կամ հանրապետության տարբեր բնակավայրերից ձեզ դիմեն կոնկրետ այդ ծառայությունը ստանալու համար,-ասաց մարզի ղեկավարը՝ հորդորելով լուրջ ուշադրություն դարձնել նաև գյուղական բնակավայրերում գործող բուժմանկաբարձական կետերի գործունեությանը: Մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքներում՝ մարզպետը հույս հայտնեց, որ տարվա ամփոփիչ արդյունքները անհամեմատ ավելի բարձր կլինեն:

Նմանատիպ նյութեր