211652_close_icon
views-count2549 դիտում article-date 10:39 20-05-2020

Հասարակական վերնախավն իր օրինակով նպաստո՞ւմ է համախմբմանն ու համագործակցությանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ականատեսները պատմում են, որ երկուշաբթի օրվանից, երբ սկսել է աշխատել հասարակական տրանսպորտը, հայտնվել են քաղաքացիներ, որոնք դիտմամբ վնասում են փոխադրամիջոցներում փակցրած ալկոգել պարունակող անոթները կամ թափում են դրանց հեղուկը: Մտածում եմ՝ ովքե՞ր են նրանք՝ խուլիգաննե՞ր, հոգեկան հիվանդնե՞ր: Ինչ անուն էլ տանք, խնդիրը, հավանաբար, ավելի խորն է: Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում, թե՛ կոմունիստական և թե՛ հետկոմունիստական շրջանում բարձր ամբիոններից ես ճիշտ բառեր էի լսում պետության, ազգի, համախմբման, փոխօգնության, թիմային խաղի անհրաժեշտության մասին: Բայց անցած 45-50 տարիների ընթացքում ես տեսնում էի ու հիմա էլ եմ տեսնում, որ իմ համաքաղաքացիների մեծամասնությունը, թեև այդ բառերը լսելիս, գլուխները տմբտմբացնում է ի նշան համաձայնության ու գուցե համապատասխան կենացներ է խմում, բայց հոգու խորքում այդ ամենին արհամարհանքով է վերաբերվում: Իհարկե, լինում են համախմբման պահեր պատերազմների և հեղափոխությունների ժամանակ, սակայն թիմային խաղը «պահերով» չի լինում՝ դա ամենօրյա աշխատանք է, հակասոցիալական բնազդների գիտակցական հաղթահարում: Կորոնավիրուսը, մեր հասարակական ընկալմամբ, այն առիթը չէ, երբ պետք է դրսևորել հարգանք պետության և իրար հանդեպ. շատ մարդիկ ծաղրում են այն քաղաքացիներին, որոնք հասարակական վայրերում դիմակ են կրում: Իսկ հիմա փորձենք պատասխանել հետևյալ հարցին. արդյոք հասարակական վերնախավն իր խոսքով և օրինակով նպաստո՞ւմ էր կամ հիմա նպաստո՞ւմ է պետական մտածելակերպին, համախմբմանն ու համագործակցությանը: Իշխանության ներկայացուցիչները, որոնց ուշքն ու միտքն իրենց բանկային հաշիվներն էին, իրենց դղյակներն ու շքեղ մեքենաները, հաստատ լավ օրինակ չէին ծառայում: Բայց ընդդիմադիրները, որոնք իրենց ներքնաշորերով փակում էին արագաչափերն ու տեսախցիկները (ինչն, իմ կարծիքով, նշանակում է՝ «քշեք, ժողովուրդ ջան, ոնց ուզում եք»), նույնպես չէին նպաստում օրինապաշտ քաղաքացու դաստիարակմանը: Մտավորականները և հասարակական գործիչները, որոնք ողջունում էին ոստիկանական գնդի զինված գրավումը ու մարդասպանությունը, նույնպես յուրովի նախապատրաստել են այն հոգեբանությունը, որով առաջնորդվում են ուրիշների կյանքի և առողջության վրա թքած ունեցող քաղաքացիները: Ամեն ինչ փոխկապակցված է. մեկի «դուխը հերիքում է» վիրավորել դատավորներին և քաղաքական ընդդիմախոսներին, տեսախցիկների առաջ հայհոյել և ապտակել, մյուսինը՝ ծաղրել այն մարդկանց, որոնք հետևում են պարետատան հրահանգներին: Այնպես որ «դուխը» նույնպես երկսայր զենք է. այսօր այն քեզ օգնում է, վաղը կարող է խանգարել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր