211652_close_icon
views-count1081 դիտում article-date 14:19 16-05-2020

Մենք ձեզնից մեկն ենք․ վարչապետը տիկնոջ՝ ղեկը անչափահասին վստահելու համար տուգանքի ենթարկվելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար ոստիկանության կողմից վարչական տուգանքի ենթարկվելու հանգամանքը համարում է օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ։ «[url=https://armenpress.am/arm/news/1015505.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Տվյալ վարչական տուգանքի վերաբերյալ հնչող արձագանքների մասին, թե իբր այդ ամենը ձևականություն է եղել, Փաշինյանը մի քանի նկատառում արեց։ «Ինչ պետք է տեղի ունենար յուրաքանչյուր քաղաքացու պարագայում, նույնն էլ մեր դեպքում է եղել։ ՃՈ տեսուչը եկել է և արձանագրել է խախտումը, մենք վճարել ենք 10 հազար դրամ տուգանք, և սրանով պատմությունն ավարտվել է»,- նշեց ՀՀ վարչապետը։ Նա նաև անդրադարձավ իր շարասյան՝ կարմիր լույսի տակ կանգնելու փաստին, երբ կրկին նրան մեղադրում են արհեստական քայլեր անելու մեջ։ Փաշինյանը նշեց, որ իրենք երթևեկում են այնպես, ինչպես բոլորը։ «Սրանով մենք ցույց ենք տալիս, որ ձեզնից մեկն ենք, ՀՀ քաղաքացի ենք, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները և նույն կերպ պատասխանատվություն ենք կրում օրենքի առաջ»,- եզրափակեց վարչապետը։ Մարտի 24-ին ՀՀ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։ ՃՈ աշխատակիցները տեսանյութի հիման վրա վարչական վարույթ էին հարուցել և տուգանել Աննա Հակոբյանին՝ 10 հազար դրամով։

Նմանատիպ նյութեր