41727 դիտում
20:48 14-05-2020
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը. վերջիններս տապալել են գազախողովակի 10-ից ավելի հենասյուներ ու հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են УАЗ 63232 մակնիշի 500 AA 15 համարանիշի և Opel մակնիշի 36 MՍ 511 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հրվանդանոցների բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակների 10-ից ավելի հենասյուներ, տապալել դրանք և հայտնվել դաշտում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Էդուարդ Սաֆարյանն ու Դավիթ Մանուկյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները կարգի բերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+