136952 դիտում
10:30 09-05-2020
Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորին պատկանող «Քոքոբելյաններ» ջերմոցի դիմաց մի խումբ զինվորականների ու նրա հարազատների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. դեպքի վայր են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։
Այնուհետև դեպքի վայր են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ֆլջյանի և քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Իջևանի ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ս. Նազարյանի, նրա հետ գտնվող մյուս զինվորականների ամբողջական տվյալները պարզելու, նրանց, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+