7531 դիտում
15:58 08-05-2020
«Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի օդաչուները նախապատրաստվում են Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ նախաձեռնած համատեղ տոնական ակցիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ռազմաօդային ուժերի և մեր երկրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմական բազայի օդաչուները ջանասիրաբար և մասնագիտական բծախնդրությամբ նախապատրաստվում են Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ նախաձեռնած համատեղ տոնական ակցիային:
Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի օրը, իհարկե, կարևոր տոն է մեր ժողովուրդների համար, որ կողք-կողքի, ուս-ուսի, անոօրինակ սխրանքներով ու զոհողությունների գնով կերտել են այդ հաղթանակը՝ պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենից դաժան ու արյունահեղ պատերազմում:
Իրադարձությունների բերումով, Հաղթանակի 75-րդ տարեդարձը նշելու ենք համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, երբ զանգվածային միջոցառումները հակացուցված են: Եվ ահա, այդ պայմաններում ռազմական օդաչուները հանդես են եկել նախաձեռնությամբ. Հաղթանակի օրվա առթիվ, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Գյումրիում, նրանք ցուցադրական-շքերթային թռիչքով կողջունեն Մեծ հայրենականի վետերաններին և նման օդային սլացքով կշնորհավորեն տոնը:
Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիացիոն բազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովի գլխավորությամբ հայ և ռուս օդաչուները մանրակրկիտ նախապատրաստվում են համատեղ շքերթային թռիչքին:
Օդաչուների փոխգործակցությունը, խմբային թռիչքի ընթացքը և կարևոր տարրերը նախ, քննարկվում, հղկվում և մշակվում են գետնի վրա, ապա օդաչուները անցնում են գործնական վարժանքների: Այս պատասխանատու գործում մանրուքներ չկան, և դրանք բոլորը պետք է մինչև վերջ հղկված լինեն՝ յուրօրինակ ու տոնական մարտական առաջադրանքը փայլուն կատարելու համար:
Սիրով ներկայացնում ենք բացառիկ կադրեր այդ նախապատրաստության ու վարժանքների ընթացքից: Թռիչքի ժամանակ օդաչուների առջև բացվող բիբլիական ու հաղթանակների կոչող Արարատի պատկերը և տպավորիչ է, և փառահեղ և առավել քան խորհրդանշական:
Մայիսի 9-ի ավիաշքերթային միջոցառումներում ներգրավված է շուրջ 50 միավոր ռազմական և ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, ՍՈՒ-30 էս-էմ, ՍՈՒ-25 ինքնաթիռներ և Մի-24 պէ, Մի-8 էմ-տէ-վէ ուղղաթիռներ: Հաղթանակի օրը, ժամը 11-ին նշված ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմերը Հաղթանակի շքերթով կսլանան
Երևանում՝ Մայր Հայաստան հուշակոթողի, Գյումրիում՝ «Զինվորական փառքի» հուշահամալիրի գլխավերևով:
Շնորհավոր Մեծ հաղթանակի տոնը:
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
14:44 13-07-2015
ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիացիոն գնդի օդաչուները մարզվում են Ղրիմում