211652_close_icon
views-count3934 դիտում article-date 09:37 08-05-2020

Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ զեկուցվել է, որ ԱԱԾ-ից արտահոսք է լինում, ու կասկածներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ինֆորմացիաների է տիրապետում: Դրա համար Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ՝ որպես վարչապետի հավատարիմ և աչալուրջ պաշտոնյա: Նրա առջև խնդիր է դրված փակել հնարավոր արտահոսքերը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քյարամյանը պաշտոնապես համակարգելու է ԱԱԾ քննչական մարմինների աշխատանքը: Հիշեցնենք, որ Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու համար նրան նախ կես օրով նշանակեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, տրվեց նաև գնդապետի կոչում, որպեսզի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի նշանակման չափանիշներին համապատասխանի: Բանն այն է, որ վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից նա չէր կարող միանգամից նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար կոշտ չափանիշներ կան՝ չհաշված այն, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել միայն գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցողը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր