211652_close_icon
views-count4155 դիտում article-date 23:57 07-05-2020

Ազգերի լիգա. Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Եվրոպայի հավաքականը հաղթեց Ռուսաստանին

Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում այսօր կայացել են 5-րդ և 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում, երեք անընդմեջ հաղթանակներից հետո 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ, հայտնում է Armsport.am-ը: Հաղթական միավորը վաստակել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Ոչ-ոքի են խաղացել նաև Դուդա Կշիշտոֆը՝ Սերգեյ Կարյակինի հետ, և Աննա Մուզիչուկը՝ Ալեքսանդր Գորյաչկինի հետ: Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում Չինաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթել է աշխարհի հավաքականին, իսկ ԱՄՆ-ի ընտրանին 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի նկատմամբ: 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության էր հասել իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթանակ էր տարել Մնացյալ աշխարհի թիմի նկատմամբ: Մրցումային 3-րդ օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանի ընտրանին՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: Եվրոպայի հավաքականը երկրորդ տեղում է 13 միավորով: ԱՄՆ-ի հավաքականը երրորդն է՝ 10 միավորով: Մրցաշարն անցկացվում է երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան): Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր