Ռոնալդինյոն՝ բանտի մասին. Մտքովս անգամ չէր անցի, որ նման իրավիճակում կհայտնվեմ
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն պատմել է Պարագվայում իր կալանքի մասին:
40-ամյա բրազիլացին մարտին ձերբակալվել էր փաստաթղթեր կեղծելու կասկածանքով: Նա բանտում ավելի քան 30 օր մնալուց հետո տնային կալանքի է ենթարկվել:
«Այն, որ փաստաթղթերը կեղծ են եղել, ինձ համար բացարձակ անակնկալ էր: Հենց սկզբից մենք ցանկանում էինք համագործակցել իշխանությունների հետ, որպեսզի պարզվի եղելությունը:
Առաջին իսկ օրից մենք հայտնում և տրամադրում ենք բոլոր տվյալները, որոնք պահանջում են իշխանությունները:
Երբ մեզ տեղափոխեցին մեկուսարան, դա լուրջ հարված էր: Մտքովս անգամ չէր անցնի, որ նման իրավիճակում կհայտնվեմ:
Ամբողջ կյանքում ես ձգտել եմ հասնել առավելագույն պրոֆեսիոնալ բարձրունքների և իմ ֆուտբոլով մարդկանց երջանկություն պարգևել», ասել է Ռոնալդինյոն: