211652_close_icon
views-count4834 դիտում article-date 13:56 24-04-2020

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը». Ջեմալ փաշայի թոռան գրառումը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ջեմալը գրառումը կատարել է Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- նշել է Ջեմալ Փաշայի թոռը։ Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին: Հասան Ջեմալը 2011 թ. մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական սփյուռքի կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» խորագիրը կրող համաժողովին։ Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալը 2012 թվականին գրել է «1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով գիրք, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին: Այն ավելի ուշ թարգմանվել է նաև հայերեն և 2014 թվականին հանձնվել հայ ընթերցողների դատին, որի ժամանակ հեղինակն այցելել է Հայաստան։ «1915. Հայոց ցեղասպանության»-ի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ ներկաները բողոքել էին հարցեր տալու հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ։ Հասան Ջեմալը նույն տարվա դեկտեմբերի 12-ին ներկա էր Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպմանը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին։ Գիրքը 2015 թվականին թարգմանվել է նաև ֆրանսերեն։

Նմանատիպ նյութեր