1083 դիտում
14:51 23-04-2020
ՊԵԿ-ն առաջարկում է օրենքով ամրագրել իրենց կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել հարկային մարմնի կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալը և օգտագործելը հարկային մարմնի իրավասության շրջանակում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան:
ՀՀ ՊԵԿ-ի իրավաբանական վարչությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
«Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է:
Որոշակի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները:
Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, նույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում նույն օրենքի դրույթներին»,- նշված է նախագծում։
Ըստ նախագծի՝ ստացվում է, որ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:
«Հարկ ենք համարում նշել, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ՀՀ հարկային մարմիններին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան:
Այս իմաստվ կարևոր է նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված դրույթները, համաձայն որոնց՝ հարկային ծառայողը, ի թիվս այլ պարտականությունների, պարտավոր է օրենքով սահմանված կարգով պահպանել պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո: Այսինքն՝ գաղտնիքը պահպանելը հարկային ծառայողի պաշտոնական պարտականություններից է, որը ենթակա է պարտադիր կատարման:
Ուստի, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավասության շրջանակում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան օգտագործելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով օրենսդրական ամրագրում կստանա հարկային մարմնի կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները»,- նշված է նախագծում։
Նմանատիպ նյութեր
2920 դիտում
15:14 25-04-2017
Դանիել Իոաննիսյանի ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու առթիվ քրեական գործ է հարուցվել
1913 դիտում
19:22 13-09-2019
Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ. ԿԲ
Այս բաժնից
649 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ