Արտառոց դեպք Երևանում. 190 դպրոցի հետնամասից, ըստ բժիշկների, 26-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է իրենց մոտ
                        Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը  21:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածքով»  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Գագիկ Ա.-ն է:
Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում,  Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում գտնվող թիվ 190 դպրոցի հետնամասում, անհայտ անձը վիճաբանել է Գագիկ Ա.-ի հետ, ձեռքերով  ու ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, ապա սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ազդրին:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունը պարզում է  նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի  հայտնած տեղեկությունը՝ արդյոք Գագիկ Ա.-ն  հրազենային   վնասվածք  ստացել է, թե ոչ: 
Հետաքննիչ Բաբիկյանի կողմից նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

