211652_close_icon
views-count661 դիտում article-date 14:23 14-04-2020

Կորոնավիրուսով պայմանավորված վիճակն Արցախում լիովին վերահսկվում է. պետնախարար

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վիճակն Արցախում այս պահի դրությամբ ամբողջովին վերահսկվում է: «[url=https://armenpress.am/arm/news/1012110.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, առկա է վարակի 3 աղբյուր, որոնցից երկուսը ամբողջությամբ վերահսկելի և սահմանափակված են, իսկ երրորդի ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Վարակման առաջին օջախը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղն է, երկրորդը՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքը, իսկ երրորդը, ըստ պարետի, չպետք է անվանել վարակի օջախ, քանի որ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում կային մի շարք անձինք, որոնք շփվել են ոչ թե վարակակիր անձի, այլ առաջին աստիճանի կոնտակտավորի հետ: Մարտիրոսյանի խոսքով՝ դա նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն ավելի քիչ: Ամեն դեպքում այդ մարդկանց համար կիրառվել է ինքնամեկուսացման մեխանիզմը: Ինչ վերաբերում է Արցախում թեստեր չիրականացնելուն՝ ԱՀ պարետը նշել է, որ ինքնանպատակ չէ տեղում թեստավորում իրականացնելը: «Տեխնիկական հարցերը լուծվում են, և ՀՀ մեր գործընկերները մեծ աջակցություն են ցուցաբերում այդ առումով: Այս պահի դրությամբ մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը վերահսկելի պահելու համար: Իհարկե, տեղում թեստավորում իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, սակայն որևէ խոչընդոտ չկա, թեստերը ուղարկվում են ՀՀ՝ ո՛չ ժամկետների, և ո՛չ էլ քանակի առումներով»,- ասել է Մարտիրոսյանը: Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նմանատիպ նյութեր