211652_close_icon
views-count884 դիտում article-date 15:15 14-04-2020

«Կանաչ միջանցքներ». մաքսային գործընթացների դյուրացումն ունի սկզբունքային կարևորություն. Փաշինյան

Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին, որը կայացավ ապրիլի 14-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակը: «[url=https://armenpress.am/arm/news/1012108.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է: Ապրիլի 14-ի տվյալներով՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության 1067 դեպք, ապաքինվել է 265, մահացել 16 մարդ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը: «Մարտի 23-ից մեզ մոտ գործում է կարանտինի խիստ ռեժիմ: Այսօր որոշ ոլորտներում մտցվել է սահմանափակումների թուլացում: Ինչպես շատ երկրներ, մենք նույնպես մտցրել ենք խիստ սահմանափակումներ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում: Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է փաթեթ, որը ներառում է 11 միջոցառում՝ ուղղված սոցիալական, տնտեսական հետևանքների մեղմացմանը: Քայլեր են ձեռնարկվում տնտեսությունը խթանելու, դժվար իրավիճակները հաղթահարելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր երկրները կանգնած են մարտահրավերների առաջ, որոնք ոչ միայն սպառնալիք են առողջապահության համակարգերի, քաղաքացիների, այլև խնդիրներ են ստեղծում տնտեսության համար: Պարզ չէ, թե որքան կտևի պանդեմիան և ինչպիսի զարգացում կլինի մոտ ապագայում: «Ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացը մեր կառավարություններից պահանջում է առավելագույն ջանք: Ակնհայտ է, որ միջոցների կոնսոլիդացիայի ու գործընթացի համակարգման անհրաժեշտություն կա»,-ասաց նա: ՀՀ վարչապետը նկատեց, որ շատ երկրներ ստեղծված իրավիճակում գնում են միջազգային առևտրի սահմանափակումների: Որոշ տվյալների համաձայն, արդեն 70 երկիր մտցրել է բժշկական պարագաների ու դեղամիջոցների արտահանման սահմանափակումներ: «Չի բացառվում, որ այդ միտումը կշարունակվի: Դա չի կարող մեզ չանհանգստացնել և այն կարող է ունենալ ամենածանր հետևանքներ: Մենք այն ռազմավարության կողմնակիցն ենք, որը հիմնված է համագործակցության ու գործընկերության վրա: Այդ համատեքստում առաջնահերթություն է մեր միության շրջանակում համագործակցությունը: Այստեղ ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ կա ամբողջական փոխըմբռնում, աջակցություն ԵԱՏՄ գործըներների միջև»,-ասաց նա: ՀՀ վարչապետն այս համատեքստում վստահություն հայտնեց, որ միությունն իր ինստիտուտների շնորհիվ դուրս կգա նվազագույն կորուստներով: Նա ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել: Երկիրն իր աջակցությունն է հայտնում բարձրագույնի խորհդի համատեղ հայտարարությանը, որն արատահայտում է գործընկերների ընդհանուր դիրքորոշումը՝ կապված այսօրվա իրավիճակի հետ: «Խաղաղության պահպանումը, զինված հակամարտության դադարեցումը, միջազգային հանրության միասնականությունն անհրաժեշտ պայման է ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի համար անընդունելի է միջոցների կիրառումը, որոնք արգելք կհանդիսանան ԵԱՏՄ տարածքում առևտրի ու ծառայությունների համար: Նա ծայրահեղ կարևոր համարեց բեռնափոխադրումների անխափան իրականցումը: «Այդ համատեքստում ռուս-վրացական սահմանը մեզ համար ձեռք է բերել կենսական, ռազմավարական նշանակություն: Մենք անհրաժեշտ ենք համարում մաքսիմալ հնարավոր կերպով ավելացնել ազգային փոխարժեքով վճարումները ԵԱՏՄ-ի տարածքում առևտրի համար»,-ասաց ՀՀ վարչապետը: Նա կարևորեց միության շրջանակում իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը, մասնավորապես, առանձնացրեց «կանաչ միջանցքներ» ստեղծելու գաղափարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, մաքսային գործընթացների դյուրացումն ունի սկզբունքային կարևորություն: «Պանդեմիայով պայմանավորված իրավիճակը փորձություն է միության համար: Այս օրերին գործընկերների շրջանում ի հայտ եկած համագործակցության պատրաստակամությունը ցույց է տալիս, որ ինտեգրացիան կայացել է և այն ունի զարգացման մեծ ներուժ»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր