211652_close_icon
views-count4029 դիտում article-date 17:11 10-04-2020

Ռոբերտ Էմմիյան. Կորոնավիրուսը իր կամքն է թելադրում նաև Ֆրանսիայում

Կորոնավիրուսը իր կամքն է թելադրում նաև Ֆրանսիայում։ Այս մասին հեռակապով ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի չգերազանցված ռեկորդակիր / 1987թ․ , 8մ 86 սմ / Ռոբերտ Էմմիյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Նա մարտի 26 –ին էր Երևանից մեկնել Փարիզ ։ Կարճ հարցուփորձից հետո Ռոբերտն ինքը սկսեց խոսել․ << Ամեն տարի մեր թիմերին ու առանձին մարզիկներին հրավիրում, ուղեկցում էինք եվրոպական տարբեր երկրներ։ Մերոնք տեղերում համատեղ ուսումնամարզական հավաքների էին մասնակցում, հանդես գալիս մրցաշարերում։ Հիմա պատկերը բոլորվին այլ է։ Իհարկե չենք հիասթափվել։ Երևանում գործընկերներիս հետ նոր ուղիներ որոնեցինք աթլետներին կայուն մարզավիճակում պահելու համար։ Մարզիչների խորհուրդներով սաները մարզվում են իրենց ամառանոցներում, տնամերձներում, բնակավայրերին հարակից տարածքներում, այգիներում , սարալանջերում, սակավամարդ տարածքներում, բնակարաններում և այլուր։ Մարդկային շփումներից զերծ մնալու նպատակով աթլետները մարզվելու են մեկնում վաղ առավոտյան , կամ ուշ երեկոյան, երբ մարդկանց հոսքը բավականին նոսր է։ Երկրաշարժից հետո գրեթե միշտ բնակվել եմ արտերկրում։ Կենսափորձով եմ համոզվել հայ ժողովրդի իմաստուն լինելու մասին։ Մեր հումորով նույնիսկ կարող ենք հաղթել կորոնավիրուսին։ Այսօր տուն մտնելիս ինձ ընդառաջ վազեց փոքր դուստրս ՝ Լուսինեն, ով ընդգրկված է << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեում։ Ամուր փարվելով ինձ, ժպիտի միջից ասաց , որ նոր է ավարտել հեռախոսազրույցը Գյումրիում ապրող քրոջս ՝ Մալվինայի հետ։ Նա մի դիպված է ներկայացրել, ըստ որի, կինն ամուսնուն հարցնում է, թե ինչու է այդքան երկար դուրս նայում պատուհանից։ Ամուսինն էլ թե ՝ մտովի քեզ հետ թևանցուկ զբոսնում էի։ Մի կուշտ ծիծաղեցի, հպարտացա իմ քաղաքի մարդկանցով ու մտածեցի նաև ՝ եթե քույրս է պատմել, ուրեմն ամբողջ Հայաստանը գիտի այս մասին։ Նշանակում է, բոլորի նման, մարզաշխարհի մարդիկ, նրանց թվում՝ աթլետները, որպես տնային առաջադրանք մտովի բազմիցս կկրկնեն, կսերտեն մարզիչների հրահանգները ու չեն մոռանա դրանք։ Հավատում եմ մեր մարզիկների հաջողություններին և մեր ժողովրդի հերթական հաղթանակին, այս անգամ կորոնավիրուսի նկատմամբ, որի դեմ պայքարում է մեր ամբողջ ազգաբնակչությունը >> ։

Նմանատիպ նյութեր