211652_close_icon
views-count6856 դիտում article-date 14:04 10-04-2020

Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «[url=https://armenpress.am/arm/news/1011750.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10–ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։ «Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Մենք պետք է ամրացնենք մեր միությունը, նույնիսկ համավարակի պարագայում։ Պետք է ապացուցենք մեր միության կենսունակությունը ճգնաժամի պայմաններում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար»,– ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը` Հայաստանին ցուցաբերած օպերատիվ աջակցության համար։ «Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ, և, առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկներներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար»,– նշեց վարչապետը։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը պետք է անցկացվեր Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում։ Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 608 հազարը։ Համավարակից ապաքինվել է 358 հազար 15 մարդ, մահացել` 95 հազար 837–ը։

Նմանատիպ նյութեր