211652_close_icon
views-count993 դիտում article-date 17:14 09-04-2020

Բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռևս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ Ա.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետ Ա.Գ-ի, ինչպես նաև ավտոծառայության վարորդներ՝ Ռ.Ե.-ի, Հ.Մ-ի և Ն.Ե.-ի օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում և վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք և բենզին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև դրանց կատարմանն օժանդակելու համար: Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել պետությանը պատճառված խոշոր չափերով վնասը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը և վերջիններս դատապարտվել են ազատազրկման և տուգանքի: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են նշանակված պատիժներից:

Նմանատիպ նյութեր