3973 դիտում
10:09 06-04-2020
Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյանն առաջարկում է ավելացնել թեստավորվողների քանակը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի տարածումը կանխելով պայմանավորված հայտարարված արտակարգ դրությանը, դրա հետևանքներին:
Նա մասնավորապես գրել է.
«ԻՆՉՊԵՍ ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԱՆՏԻՆԸ
Արդեն երեք շաբաթ է, երկիրը ապրում է արտակարգ դրության պայմաններում, և սկսում է պարզ դառնալ, որ այն նախապես սահմանված ժամկետներում ավարտվելու հեռանկար չունի։ Արտակարգ դրությունը հայտարարելու պահին, Հայաստանում պաշտոնապես կար 45 վարակակիր, երեկվա դրությամբ՝ արդեն 822, աճը՝ ավելի քան 18 անգամ։ Ինչն ավելի մտահոգիչ է՝ մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը այս պահին ԱՊՀ տարածաշրջանում վատթարագույն արդյունքներն ունի, և դրանք շարունակում են վատանալ, թեև արդեն ոչ նախկին ահագնանցող տեմպերով։ Դրան գումարած, երկրում գործող կոշտ կարանտինը արդեն սկսում է բերել ծանր տնտեսական և սոցիալական հետևանքների։ Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 23%, մարդկանց մեկ քարրորդը գոյության նվազագույն միջոցների կարիք ունի, և փաստացի կախված է օրվա աշխատածից իր գոյության համար։ Հիմա նրանք հայտնվել են առավել խոցելի վիճակում, և արդեն սկսել են հարց տալ, թե ինչպես պետք է կարողանան ֆիզիկապես գոյատևել այս պայմաններում։ Մյուս կողմից, կարանտինի թուլացումը այս պահին ևս իրատեսական չի, այն կբերի համաճարակի արագ տարածման, և աղետալի հետևանքների։ Ուստի շատերին տանջում է այս հարցը՝ ո՞րքան է կարանտինը շարունակվելու, և ի՞նչպես կարելի է այն հնարավորինս արագ ավարտվել։
Քանի որ այս համաճարակը գլոբալ բնույթ ունի, պետք է գիտակցել, որ առանձին վերցված ոչ մի երկիր նրանից միայնակ չի կարող դուրս գալ։ Եթե նույինիսկ հրաշքով վաղը Հայաստանում բուժվեր վերջին կորոնովիրուսով հիվանդը, դա չի բերի զբոսաշրջիկների հոսքի արագ վերականգնման, քանի որ հիմնական այցելուների երկրները իրենք են դեռ շարունակում պայքարը համաճարակի դեմ։ Դա չի բերի նաև Ռուսաստանից տրանսֆերների արագ վերականգման, քանի որ Ռուսաստանում ևս պայքարում եմ համաճարակի դեմ, և ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարված։ Բայց դա կարող է բերել առնվազն ներքին տնտեսական ակտիվության մասնակի վերականգման, ուստի բոլորիս շահն է օր առաջ կանգնեցնել վարակի տարածումը, և սկսել մեղմացնել կարանտինը, ինչպես դա արդեն տեղի է ունենում Չինաստանում և Կորեայում։
Որպեսզի վարակի տարածումը կանգնեցվի, պետք է հայտնի լինեն նրա բոլոր օջախները։ Թեև պարետ Տիգրան Ավինյանը պնդում էր անցած շաբաթ, որ դա հնարավոր է անել վարակակիրների և նրանց կոնտակտների տեղորոշմամբ, իրականում առավել արդյունավետ եղանակը մասսայական թեստավորումն է։ Այս իմաստով, Հայաստանը ևս գտնվում է անբարենպաստ վիճակում՝ համաճարակի սկզբից իրականացվել է ընդամենը 4670 անձի թեստավորում, կամ մեկ միլիոն բնակչի հաշվարկով՝ ընդամենը 1575։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, կամ միլիոն բնակչի հաշվարկով՝ մոտ 4000։ Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 (!) թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։ Եթե մի քանի շաբաթ առաջ թեստերը դեֆիցիտ էին, ապա հիմա բազմաթիվ երկրներ դրանք սկսել են արտադրել, առաջացել է դրանց կոմերցիոն շուկա, և պետք է անհապաղ Հայաստան ներկրել առնվազն 50-100 000 արագ թեստ, և մոտ 20 000 ճշգրիտ լաբորատոր թեստեր, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետներում թեստավորվեն ռիսկի գոտում հայտնված բոլոր քաղաքացիները, և արագ իդենտիֆիկացվեն և մեկուսացվեն վարակի հնարավոր օջախները։
Երկրորդ կարևոր գործողությունը ախտահանումն է։ Վարակը կարող է տարածվել ոչ միայն մարդկանց անմիջական շփման միջոցով, այլև հանրային վայրերում տարբեր մակերևույթների վրա հայտնված վիրուսի՝ ձեռքերի վրա, այնտեղից էլ շնչառական ուղիներում հայնվելու միջոցով։ Անցած շաբաթ Երևանի ավագանու մի «սրամիտ» անդամ փորձեց ծաղրել Վրաստանում փողոցների ախտահանումը, այնինչ դա խելամիտ միջոց է, անհրաժեշտ է ախտահանել բոլոր այն վայրերը, որտեղ օրվա ընթացքում մեծ թվով մարդիկ են լինում՝ փողոցները, վերելակները, շենքերի մուտքերի դռները, խանութները, գործող տրանսպորտային միջոցները, աշխատող արտադրական ձեռնարկությունները (մանավանդ սննդի), բանկերը, և այլն։ Սա ոչ միայն կնվազեցնի վարակի տարածման վտանգը, այլև այս պայմաններում կարող է 10-15 հազար ժամանակավոր աշխատատեղ ստեղծել այն մարդկանց համար, որոնք համաճարակի պայմաններում մնացել են առանց աշխատանք, և ապահովել նրանց արժանապատիվ գոյության միջոցներով։
Եվ վերջապես, պետք է մինչև կարանտինի ավարտը նվազագույն սոցիալական աջակցություն ապահովել բոլոր կարիքավորներին, առանց հատուկ հարցնելու, թե որքանով է դա հիմնավորված սովորական պայմաններում։ Եթե ենթադրենք, որ այդպիսի հավելյալ աջակցության կարիք ունի մոտ 400-500 000 մարդ, և այն կազմում է ամիսը մեկ անձի համար մոտ 50 000 դրամ, ապա խոսքը գնում է 20-25 մլրդ դրամ ամսեկան հավելյալ ծախսի մասին։ Սովորական պայմաններում, սա Հայաստանի համար զգալի գումար է, սակայն հիմա այս ծախսը արդարացված է, քանի որ այլապես անհնար կլինի սոված մարդկանց ստիպել պահպանել կարանտինի ռեժիմը և հանրային անվտանգությունը, ինչն անհամեմատ ավելի ծանր հետևանքների կարող է բերել։ Առաջին քայլերն այս ուղղությամբ Կառավարությունն հանրային ճնշման տակ արեց անցյալ շաբաթ, աջակցություն տրամադրելով հարկադիր պարապուրդում հայտնված անձանց և սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներին, բայց այդքանով սահմանափակվել պետք չի, առավել ևս, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծախսեր հիմա սառեցված են, և ազատված միջոցները կարելի է տրամադրել դրանց սուր կարիքն ունեցող մարդկանց։
Ամփոփելով՝ նշեմ, որ կարանտինի օր առաջ ավարտը բխում է բոլորիս շահերից, բայց այն չի կարող ավարտվել պարզապես պարետի որոշմամբ՝ դրա համար պետք է, որ բուն վարակը հետ նահանջի։ Նրա դեմ պայքարում, ցանկացած ճիշտ կամ սխալ գործողություն միայն մի քանի շաբաթ հետո է ցույց տալիս իր արդյունքը։ Այսօր մենք տեսնում ենք անցալի սխալների արդյունքը, դրա պատճառով արդեն վարակի բազմաթիվ օջախներ են գոյացել, և կարանտինը ընդամենը դանդաղեցնում է նրանց տարածումը։ Հիմա պետք է լինել նախաձեռնող և գործել արագ, և անել վճռական քայլեր՝ այդ դեպքում գուցե ամսվա վերջում արդեն մենք սկսենք տեսնել իրավիճակի բարելավումներ, և հիվանդների թիվը ամսվա ընթացքում հասնելով պիկի, սկսի վերջապես նվազել։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն և համբերություն եմ ցանկանում»:
[img]https://st0.shamshyan.com/editor/0571382001586153125433276.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
21:53 27-07-2022
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
1967 դիտում
16:26 28-07-2022
Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից
Այս բաժնից
1261 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4726 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած