211652_close_icon
views-count6412 դիտում article-date 12:51 02-04-2020

Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին

Մեկ օրվա տվյալներով, իհարկե, չի կարելի հետևություն անել, բայց մենք տեմպի որոշակի աճի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած նախորդ օրը ունեինք տեմպի նվազում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտվա տվյալներով, կորոնավիրուսի հաստատված նոր 92 դեպք է գրանցվել: «Մենք իհարկե, թեստավորման քանակները մեծացնում ենք, և դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել: Կարող ենք ասել, որ դեռևս մեր իրավիճակը վերահսկելիության շրջանակներում է»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ այս իրավիճակում կա երկու ծայրահեղություն՝ մեկը խուճապն է, որը անթույլատրելի է և դրա կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է համաճարակի տարածման հետ կապված: «Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել: Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված իրավիճակի: Երկրում տիրում է համատարած հանգստություն: Իհարկե դա լավ է զուտ հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետև հենց այս հանգստությունն է ստեղծում վտանգ, որ վարակի տեմպը կարող է ավելանա»,-ասաց Փաշինյանը: Նա կոչ արեց բոլորին այդքան հանգիստ չվերաբերվել ստեղծված իրավիճակին. «Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին: Տեսեք, այսօր պացիենտների 80 տոկոսն անգամ ջերմություն չունի, և եթե դա լիներ նախկինում մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ լիներ, մենք մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք և վերջ: Հիմա էլ մեր հիվանդների 80 տոկոսին չենք բուժում, բայց պահում ենք, որովհետև եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»:

Նմանատիպ նյութեր