Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզում կորոնավիրուսի վարակակիրների և դրա հետ կապված միջոցառումների մասին․
«Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:
Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում:
Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը’ դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը:
ՀԳ. Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա իմ և ԱՆ կողմից հրապարակած թվերի հետ կապված, ասեմ, որ ԱՆ արձանագրած 4-րդ դեպքով հաստատված բնակիչը նախկինում ապրել է Լոռիում, սակայն մի քանի տարի է, ինչ բնակվում է Երևանում, որտեղ էլ արձանագրվել է դեպքը»,- գրել է Անդրեյ Ղուկասյանը: