211652_close_icon
views-count30633 դիտում article-date 10:29 31-03-2020

Գայթակղություն կա՝ գտնելու մի մոդել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ կորոնավիրուսի համավարակի սկզբից արդեն բավականին մեծ ժամանակ է անցել, մասնագետները փորձում են գտնել ինչ-որ ալգորիթմ, որոշակի մաթեմատիկական մոդել, որը հնարավորություն կտա հետագայի համար կանխատեսումներ անել: Մյուս կողմից համաձայն եմ նաև այն հեղինակների հետ (մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի), որոնք պնդում են, որ այդ մոդելների մեջ պետք է ներբեռնել բազմաթիվ «մարդկային գործոններ»: Վերցնենք թեկուզ այն օրինակը, որին արդեն իսկ անդրադարձել ենք: Եթե Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի առաջարկած մոդելը 100 տոկոսով ճիշտ լիներ և կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն երեք օր կրկնապատկվեր, ապա մեր երկրում մարտի 30-ի դրությամբ կունենայինք 580 վարակված, քանի որ 26-ին ունեինք 290: Բայց հիմա թիվը 482 է: Միանգամից ասեմ, որ պաշտոնական այս թվերին ես հավատում եմ՝ Հայաստանը փոքր երկիր է և մեզ մոտ այն քաղաքական ռեժիմը չէ, որն այս հարցում մարդկանցից փորձեր ինչ-որ բան թաքցնել: (Դա չի նշանակում, որ այլ հարցերում մարդկանց չեն մոլորեցնում, բայց դա այլ թեմա է): Ադրբեջանում, ենթադրում եմ, ավելի արհամարհական վերաբերմունք ունեն մարդկանց առողջության հանդեպ, և հարևան երկրի իշխանությանը ոչինչ չի խոչընդոտում, որ վարակակիրներին ընդհանրապես չթեստավորեն կամ իրական թվերը չասեն: Դառնալով մաթեմատիկական մոդելներին, եկեք շարունակենք այս պարզագույն դիտարկումը, և եթե երեք օրից վարակվածների թիվը Հայաստանում չհասնի 960-ի, ապա դա ևս մի ապացույց կլինի, որ հիշյալ մոդելը, համենայնդեպս, ունիվերսալ չի: Ընդ որում, եկեք ընդունենք, որ Հայաստանն այն երկիրը չէ, որի քաղաքացիները մեկուսացման, ինքնամեկուսացման, սոցիալական տարածության և հիգիենայի հարցերում դրսևորում են ծայրահեղ պատասխանատու վերաբերմունք: Իհարկե, ավելի մեծ կարևորություն ունի մահացածների թիվը, որն այս պահիս 3-ն է: Ի դեպ, քանի որ, ցավոք, Հայաստանում էլի մահեր կլինեն, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այդ թիվը, դրա հետ կապված հանգամանքները, ինչպես և մնացած բոլոր թվերը հրապարակվեն օրը մեկ անգամ, իրավասու մարմնի կողմից, և հետո միայն քաղաքական գործիչները (վարչապետը ներառյալ) սկսեն դրանք մեկնաբանել: Պաշտոնյաների կողմից ամեն մի անզգուշորեն արտաբերած բառ (օրինակ, «ծանր» և «ծայրահեղ ծանր» վիճակի մասին) կարող է հիվանդներին, նրանց հարազատներին և ընդհանրապես բոլոր լսողներին դեպրեսիայի մեջ գցել կամ, հակառակը՝ անհարկի հույսեր արթնացնել: Իհարկե, գայթակղություն կա՝ գտնելու մի մոդել, որն առնչություններ կստեղծի վարակվածների և մահացածների թվերի միջև: Բայց այստեղ էլ, ինչպես իրավացիորեն նշվում է «Գերմանական ալիքի» հրապարակման մեջ, պետք է հաշվի առնել առնվազն 4 գործոններ, որոնք նույնական չեն տարբեր երկրներում՝ կատարված թեստերի քանակը, բնակչության միջին տարիքը, համաճարակի սկիզբը, բուժօգնության մակարդակը: Բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են մարդուն, նրա առողջությանն ու հոգեբանությանը, նրա սոցիալական կյանքին, մոդելներին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր