211652_close_icon
views-count1054 դիտում article-date 16:11 27-03-2020

«Դասարան+դասական» ծրագիրը ներկայացվելու է առցանց հարթակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 27-ից մայիսի 22-ը կազմակերպվելու է «Դասարան + դասական» մշակութային կրթական առցանց ծրագիրը։ «[url=https://armenpress.am/arm/news/1010263.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ առցանց հասանելիություն ունեցող ծրագրի նպատակն է դպրոցականներին, ուսանողներին, ինչպես նաև արվեստասեր հանրությանը ծանոթացնել համաշխարհային և հայ թատրոնի պատմությանը, ներկայացնել սիրելի դերասաններին և մշակութային գործիչներին, բացահայտել թատերական աշխարհի տարաբնույթ գաղտնիքները։ Ծրագիրը բաղկացած է «Թատերագիտակ», «Զրույց հայտնիների հետ», «Ներկայացում առցանցում» և «Հետնաբեմ» բաժիններից, որոնք նախապես հայտարարված հրապարակումների ցանկին համապատասխան կներկայցվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ծրագրի մեկնարկը կհայտարարեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մարտի 27-ին, ժ․19:00-ին Dasaran․Dasakan / Դասարան․Դասական ֆեյսբուքյան էջում։ Ողջույնի խոսքին կհետևի «Դասարան + դասական» ծրագրի առաջին փուլի (2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր) մասին պատմող տեսանյութի ցուցադրությունը։ «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնել թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Ծրագրի առցանց տարբերակը նպատակ ունի ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներին համապատասխան հասանելի լինել բոլոր հետաքրքրվողների համար, ինչպես նաև ապահովել մշակութային կրթության բաղադրիչը երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում։

Նմանատիպ նյութեր