211652_close_icon
views-count2149 դիտում article-date 13:09 18-03-2020

Ալկոգելի պակաս երկրում չկա. Փաշինյանը՝ խուճապային գնումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ալկոգելի պակաս չի տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: «Այսօր պարզել եմ, որ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը: Այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ մենք խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված: Ալկոգելի պակաս երկրում չկա»,- ասաց վարչապետը: Հավելեց, որ այս պահին Հայաստանում 3 ընկերություն կա, որոնք ալկոգել են արտադրում, և տեղեկություն կա, որ առաջիկայում այդ գործընթացին կմիանա չորրորդ ընկերությունը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել, այն գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր