211652_close_icon
views-count4465 դիտում article-date 16:29 16-03-2020

Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու հարցն է քննարկվում

Կառավարությունն այսօր գումարված արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հաստատելու հարցը։ Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նախագծով առաջարկվում է՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն: 2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ): 3. Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը: 4. Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: 5. Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները: 6. Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։ 7. Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի: 8. Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նախարար Բադասյանը ներկայացրեց նաև արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները, որոնցից մի քանիսի խմբագրման վերաբերյալ եղան առաջարկություններ։ Կառավարությունը՝ մտքերի փոխանակությունից հետո ընդմիջում հայտարարեց մինչև ժամը 17։15։ Նախագիծը կուղարկվի Ազգային ժողով, որը արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը հաստատելու համար արտահերթ նիստ է գումարելու։

Նմանատիպ նյութեր