211652_close_icon
views-count3084 դիտում article-date 09:37 13-03-2020

Հայաստանում դատավորների շրջանում կոռուպցիան մտահոգիչ է․ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձավ այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5326753.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: Զեկույցն ընդգծում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյանների խախտումները բացահայտելու ուղղությամբ: Հայաստանն ունի շարունակական կոռուպցիան ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, նշված է զեկույցում: Գործող իշխանությունները կոռոպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն և միջոցներ են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին կոռուպցիայի վերացման վերաբերյալ, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտության մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ: Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում: Պետքարտուղարության կարծիքով, ընդհանուր առմամբ գործող իշխանությունները հարգում են դատական համակարգի որոշումները, սակայն ըստ զեկույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ: Զեկույցում մատնանշված խնդիրների շարքում է կանանց հանդեպ բռնությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքը: Զեկույցն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում ատելության խոսքի թիրախներ: Վերջիներս քննադատվում են «հայկական ավանդական ընտանիքի» հիմքերը խարխլելու ու «արևմտյան արժեքներ» տարածելու համար:

Նմանատիպ նյութեր