Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել 2 տարով
                        Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն  կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում  է, քան չեղարկումը: 
Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին:
Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ  առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը  չափազանց մեծ  կլինեն:
Ժամկետների փոփոխությունը կնշանակի  որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում  2022թ. Պեկինում  կանցկացվի նախ`  ձմեռային , ապա` Տոկիոյի ամառային խաղերը,  և հետո`  աշխարհի ֆուտբոլի  գավաթի խաղարկությունը` Քաթարում: 
Այս փոփոխությունների մասին ՄՕԿ-ը  վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին`  գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում:
Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են  հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը`  օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

