Չեմպիոնների լիգա. Այս կկայանա երկու հանդիպում. Մադրիդում՝ թոփ-դիմակայություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանա ևս երկու հանդիպում:
Ֆրանսիայում «Լիոնը» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»: Մրցավեճի բացահայտ ֆավորիտը «Յուվենտուսն» է, սակայն «Լիոնը» հայտնի է տանը ցանկացած մրցակցի ճակատամարտ տալու բնավորությամբ: Այնպես որ, Մաուրիսիո Սարիի թիմի համար սա հեշտ խաղ չի լինելու և անակնկալներն այստեղ բացառված չեն:
Բայց օրվա զարդը Մադրիդում «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումն է: Թերևս, 1/8 եզրափակիչ փուլի ամենաթոփ դիմակայությունը: «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ երեք անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և մտադիր է զարգացնել հաջողությունը:
Բայց Չեմպիոնների լիգան վերջապես նվաճելու երազանք ունի նաև Խոսեպ Գվարդիոլայի թիմը: «Մանչեսթեր Սիթին» ընկել է ՈւԵՖԱ-ի պատժամիջոցների տակ, կարող է երկու տարով զրկվել ամենահեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հնարավորությունից, և սա մանկունյանցիների համար լրացուցիչ խթան է Գավաթը վերցնելու նպատակին հասնելու համար: Բայց դրա համար նախ պետք է հաղթահարել «Ռեալի» արգելքը:
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» համար չեմպիոնի կոչման համար պայքարն ավարտված է, և Գվարդիոլան հանգիստ կարող է բոլոր ուժերը ներդնել ՉԼ-ում:
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։