2637 դիտում
18:24 25-02-2020
Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:
Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում: Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:
Միաժամանակ, խորհրդարանական պատվիրակության անդամները ոգևորիչ են համարել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու ՀՀ կառավարության կողմից բարեփոխումներն առաջ մղելուն ուղղված հետևողական քայլերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող այլ հարցերի ևս:
Նմանատիպ նյութեր
705 դիտում
19:42 23-09-2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ
664 դիտում
18:53 23-02-2023
Վարչապետը Պետր Պիրունչիկի հետ քննարկել է հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
568 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
436 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից