211652_close_icon
views-count987 դիտում article-date 19:42 23-09-2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը: Զինաիդա Գրեչանին, արժեւորելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, նշել է, որ առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Մոլդովական կողմն իր համակրանքն է հայտնել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին, դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին: Արարատ Միրզոյանը, ընդգծելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ձեւավորված պատմական, քաղաքական եւ հումանիտար կապերը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում: Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն: Հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակներ Միխայիլ Պոպշոյը եւ Ալեքսանդր Սլուսարյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը եւ Վաղարշակ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր