211652_close_icon
views-count12173 դիտում article-date 20:15 22-02-2020

Նորար Նորիկյան. Ինչպե՞ս ստեղծել որակապես նոր ոստիկանություն

Փաստաբան Նորայր Նորիկյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանը համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանությունը: Կամ ինչպե՞ս ստեղծել որակապես նոր ոստիկանություն ----------------------------------------------------------------------------------- Ժամանակ գտա և ծանոթացա ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագրին։ Այդ ռազմավարությամբ ենթադրվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, միգրացիոն ծառայությունը ներառել այդ նախարության կազմում, ապառազմականացնել ոստիկանության զորքերը և այն վերանվանել ազգային գվարդիա, ոստիկանությանը վերապահել նախաքննություն իրականացնելու իրավասություն, ստեղծել պարեկային ծառայություն՝ ընդարձակ լիազորություններվ, սահմանային ծառայությունն իրականացնել ոստիկանության միջոցով։ Բացի այդ, ենթադրվում է ստեղծել օպերատիվ կառավարման կենտրոն /ՕԿԿ/, որը հանդիսանալու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր և իր մեջ ունենալու է փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Դեռևս 2019թ․ հոկտեմբեր ամսին հանդես էի եկել ծավալուն հրապարակմամբ՝ արձանագրելով, որ Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է պետք: Ես մնում եմ այն համոզմանը, որ ցանկացած բարեփոխում պետք է միտված լինի հանրային գիտակցությունից դուրս շպրտելու ՛՛Միլիցու՛՛, ՛՛գայիշնիկի՛՛, ՛՛Մենթի՛՛ և այլ ստվերող ընկալումներն ու կարծրատիպերն ամբողջությամբ: Համոզված եմ, որ ոստիկանությանը պետք է հանել տասնյամյակներ շարունակ կարծրացած ՛՛միլիցիայի՛՛ հոգեբանական փոսից և ձևավորել իրապես ազգային ոստիկանություն, որի յուրաքանչյուր աշխատակցի համար ամենից առաջ գերակա կլինի իրավունքի և օրինականության գերակայությունը։ Այս համատեքստում գտնում եմ, որ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անվանումը բոլոր դեպքերում ասոցիացնելու է նախորդ ժամանակահատվածներում գործած նույնանուն նախարարություններին և նրանց աշխատանքի էությանը, ուստի առաջարկում եմ այլ անվանում նորաստեղծ նախարարության համար, օրինակ՝ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ կամ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ նախարարություն։ Կասկած չունեմ, որ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է նրա սերտ համագործակցությամբ հասարակության հետ՝ բանակցելու, խնդրելու, համոզելու, լուծման այլ տարբերակներ առաջարկելու, բարդ ու դժվար հարցերը հանդուրժողաբար լուծելու միջոցով: Պատկերավոր ասված, ոստիկանությունը դա համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանությունը: Այս փիլիսոփայությունը ենթադրում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է բխի օրենքից և հանրության շահերից, իսկ հանրությունը պետք է գիտակցի, որ ոստիկանությունը մարմին է, ով սպասարկում է միայն իր ու պետության շահերը: Համարելով, որ նախազգուշացումը, հանցագործությունների և այլ հակաօրինական քայլերի կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը, հասարակական կարգի ապահավումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը հանդիսանում են ոստիկանության սրբազան պարտականությունները, անհրաժեշտ է արձանագրել, որ այս կարևորագույն խնդիրների ճիշտ, արդարացի և օրենքի հիման վրա լուծումը ենթադրում է համապատասխան որակի ապահովում։ Այս տեսանկյունից ոստիկանության անձնակազմի կրթական, մասնագիտական, հոգեբանական լավագույն հատկանիշների վերափոխումն ու ոստիկանության շենքային պայմանների, հագուստի, կենցաղի, սոցիալական խնդիրների լուծումն ու համապատասխանեցումը արժանավայել ու բարեկեցիկ մակարդակի ապահովումը պետք է դառնա առաջնային հարց։ Հույս ունեմ, որ այդ ոստիկանության գործունեության արդյունքում տեսանելի ապագայում մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որում իսպառ վերացված կլինեն անձանց գլխին սարքելու, կաշառք վերցնելու, ոչ իրավաչափ հարկադրանքի ուժ կիրառելու, հանցավոր աշխարհի հետ ոչ ֆորմալ հաղորդակցվելու, նրանց գոյությունը չնկատելու տարիներ շարունակ արմատացած ախտը։ Հույս ունեմ, որ կստեղծենք այնպիսի ՛՛Police՛՛, որի յուրաքանչյուր աշխատակից հպարտորեն կասի, որ ՛՛Պատիվ ունի՛՛ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին․․․ Սա է ՛՛Արդար Հայաստան՛՛ տանող ճանապարհը․․․»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր