211652_close_icon
views-count95786 դիտում article-date 14:38 20-02-2020

Խոշոր հրդեհ Երևանում. բնակարանում առաջացած կրակը տեսանելի էր հարևան շենքերից. բնակիչներին տարհանել են «Laki» խմորեղենի արտադրամաս-սրահի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։27-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ռուբինյանց փողոցի 11 շենքի բակարաններից մեկում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Ժամանել է նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը՝ Ստեփան Չիչոյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Փրկարար ծառայության բժշկության ապահովման վարչության հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների ժամանումը, նշված շենքի բնակիչների մի մասին տարհանել են հրդեհի հարևանությամբ գտնվող «Laki dessert art studio» խմորեղենի արտադրամաս-սրահի աշխատակիցները, այնուհետև ժամանած հրշեջ փրկարարները տարհանել են ևս 7 բնակչի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված շենքի 1-ին հարկում գտնվող թիվ 23 բնակարանի բնակչուհին, ում տանն է կրակը բռնկվել և տան ողջ գույքը վերածվել է մոխրի, ասում էր. «Ես, քանի տարի է, ոչ գազ ունեմ, ոչ էլ հոսանք։ Ոչ գազից է կրակն առաջացել, ոչ էլ հոսանքից։ Դույլի մեջ փորձեցի կրակ վառեմ, բայց ես զգույշ էի։ Երևի, դրսից է կրակը ներթափանցել տուն, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ տեսանելի է եղել հարևան շենքերից։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Կրակը տեսանք, թե ինչպես էր պատուհանից դուրս ժայթքում։ Լավ էր, թաղի ջահելներն ու «Լակի» խմորեղենի աշխատակիցները բնակիչներին ժամանակին տարհանեցին, իսկ մնացածին էլ՝ արդեն ժամանած հրշեջները։ Հաստատ ոչ գազից է, ոչ էլ հոսանքից, տանտերն անզգուշություն է ցուցաբերել, ինչի հետևանքով ՝էլ կրակը բռնկվել է»։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Օպետիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, սակայն տանտերը, ով մեծահասակ կին է, ասում էր, որ տունը ոչ գազ ունի, ոչ էլ հոսանք, քանի տարի է՝ ինքն ապրում է առանց գազի ու հոսանքի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր