211652_close_icon
views-count5925 դիտում article-date 15:19 19-02-2020

Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ոչ ոք չի զրկվել. Փաշինյանը նշեց զրկելու պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից ի վեր որևէ վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի կիրառման արդյունքում: Այս մասին փետրվարի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել: Բալային համակարգով զրկված ոչ մի վարորդ չունենք: Այդ վարորդները զրկվել են խիստ կոպիտ խախտումների համար: Նրանցից 27 հոգի զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար: 6 հոգի՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու համար: 180 հոգի զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի չափի համար: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար զրկվել է 2 հոգի, փարոսիկներ տեղադրելու ու հատուկ ազդանշանի համար 3 հոգի, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են, այլև իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանության կանխատեսումներով` բալային համակարգի կիրառման արդյունքում վարորդական իրավունքից հավանական զրկումները կլինեն մարտ-ապրիլ ամիսներից: «Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք հասկանալու համար, թե ինչ անենք, որ հանրային անվտանգությունն ավելի բարձր մակարդակի լինի»,- նշեց Փաշինյանը: Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրվում է 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր