211652_close_icon
views-count2195 դիտում article-date 14:13 16-02-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց նախարար Բարտոլոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված համագործակցության դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Որպես երկկողմ փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին կրթության, մշակույթի, առևտրատնտեսական, խելացի գյուղատնտեսության և թափոնների կառավարման ոլորտները: Քաղաքական երկխոսության առավել խորացման համատեքստում երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և վերջինիս ընձեռած ներուժի լիրաժեք օգտագործման կարևորությունը: Արտգործնախարարները բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Մալթայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Նախարարներ Մնացականյանը և Բարտոլոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր