2620 դիտում
11:23 11-02-2020
Երբ չկա քննադատություն, այլ կա «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, նշանակվել է հանրաքվեի օրը: Արդյունքն, իմ կարծիքով, կանխորոշված է. ազատ, օրինական, թափանցիկ հանրաքվեի արդյունքում «այո»-ն կստանա ոչ պակաս, քան քվեարկողների ձայների 80 տոկոսը: Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությանը Սահմանադրական դատարանը, սահմանադրությունը, առավել ևս՝ իրավական նրբությունները և օրենքի հնարավոր խախտումները բացարձակապես չեն հետաքրքրում: Նրա համար կան «սևեր»՝ թալանչիներ, ժողովրդի կեղեքիչներ և հանցագործներ, որոնց ներկայացուցիչներից մեկն է Հրայր Թովմասյանը, և «սպիտակներ»՝ մարդիկ, որոնք ժողովրդին ազատեցին այդ կեղեքիչներից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երբ մարդկանց հարցնում են՝ «դուք ո՞ւմ կողմից եք», դրա պատասխանը պարզ է: Այդ փաստն արձանագրելով՝ ամենևին չեմ ուզում նսեմացնել մեր ժողովրդին՝ մենք մնացած ազգերից ոչ լավն ենք, ոչ էլ վատը: Նման իրավիճակում նույն տրամաբանությամբ կառաջնորդվեր նաև գերմանացին, ֆրանսիացին կամ ամերիկացին:
Հանրաքվեի արդյունքների առումով, ինչպես ասում են, «թեմա չկա»: «Թեման» այլ է՝ որքանով է այս գործընթացը օգտակար՝ ոչ թե ներկայիս իշխանության քաղաքական այսօրվա շահերի առումով, այլ՝ պետության զարգացման երկարաժամկետ (անգամ միջնաժամկետ) հեռանկարների տեսանկյունից: Իշխանությունն ասում է, որ ամբողջ աշխարհը զմայլված է մեր ժողովրդավարության բարձր մակարդակից, ընդդիմությունն ասում է, որ Արևմուտքը մտահոգված է վերջերս տեղի ունեցող իրադարձություններով: Բայց այստեղ, հավանաբար, պետք է հաշվի առնել, որ արևմտյան պետությունները և միջազգային կառույցներն ունեն իրենց շահերը, որոնցով առաջնորդվում են՝ այս կամ այն զարգացող երկրին փաղաքշելով կամ կշտամբելով: Այնպես որ՝ եկեք առաջնորդվենք մեր սեփական, ոչ թե արևմտյան «խուճուճ» չափանիշներով:
Եկեք ինքներս մեզ համար մի քանի հարց պարզենք: Մենք իսկապե՞ս որոշել ենք, որ եթե «ժողովուրդն ուզում է», օրենքը նահանջում է երկրորդ պլան (որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին): Ու ևս մի քանի հարց: Երբ, ըստ իշխանությունների, չկա ընդդիմություն, փոխարենը կան «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներ ու սպասավորներ (և այդպիսիք են համարվում նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները), երբ չկա քննադատություն, այլ կա «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», դա ապահովո՞ւմ է մեր երկրի հետագա ժողովրդավարական զարգացումը: Եթե ժողովուրդն այդպես է ընկալում բոլոր ընդդիմադիրներին և քննադատներին, դա երաշխի՞ք է , որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Եվ վերջապես, մնալով անքննադատելի և համոզված լինելով իր անսխալականության մեջ, իշխանությունը, վերջին հաշվով, դրանից շահո՞ւմ է, թե՞ կորցնում:
Առաջարկում եմ մի քանի րոպե մտածել այդ հարցերի շուրջ: Իհարկե, առաջարկս ուղղված է նրանց, ովքեր «ժողովրդական» կարգախոսների ազդեցության տակ չեն կորցրել մտածելու ունակությունը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»