6611 դիտում
10:07 11-02-2020
Ի հեճուկս վարչապետի՝ բանկերի ժամկետանց վարկերն աճել են․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վարկերը։ Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ժամկետանց վարկերը. կտրուկ աճել են առևտրային բանկերի հատկապես երկարաձգված վարկերը։ Իսկ դա պակաս կարևոր ցուցիչ չէ բնակչության վարկունակության գնահատման համար, որքան ժամկետանց վարկերը։
«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր 0,85 տոկոս»,– ֆեյսբուքյան իր էջում անցած շաբաթվա վերջին գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ եզրակացնելով, որ դա վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։
Վարչապետի այս գրառմանը շտապեց արձագանքել Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ գրելով «Վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85 տոկոս ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։ Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որը վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ, ենթադրում եմ թվերն իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՛ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալն ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»։
Թե Մանե Թանդիլյանն ինչ տվյալների հիման վրա է նման եզրակացության եկել, դժվար է ասել, պաշտոնական վիճակագրության մեջ նման տվյալներ չկան։ Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առանց հիմքերի նման եզրակացություն չէր անի։ Ինչևէ, մի կողմ թողնելով նրա և վարչապետի վերոնշյալ գրառումների հակասությունը, անդրադառնանք այն տվյալներին, որոնք արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։
Համաձայն այդ վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերին առևտրային բանկերի ժամկետանց վարկերը կազմել են 30 մլրդ 710 մլն դրամ, 2019թ. դեկտեմբերին 30 մլրդ 954 մլն դրամ։ Այսինքն՝ դրանք ոչ միայն չեն նվազել, այլև մի բան էլ ավելացել են։ Ճիշտ է, աճը շատ մեծ չէ, բայց կա։ Անցած տարի ժամկետանց վարկերն ավելացել են 244 մլն դրամով։ Բայց միայն այդ ցուցանիշը շատ քիչ է՝ գնահատելու համար բանկերի վարկային պորտֆելի վիճակը և եզրակացնելու, որ բնակչության վճարունակությունը բարձրացել է։ Պակաս կարևոր չէ երկարաձգված վարկերի ցուցանիշը։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնց ժամկետները վերաձևակերպվել և երկարաձգվել են։
Այնպես չէ, որ վարկերի ժամկետները լավ օրից են երկարաձգվում։ Պատճառը վերադարձման դժվարություններն են, որոնք ստիպում են վարկառուներին ու բանկերին համաձայնության գալ մարման ժամկետների տեղափոխման վերաբերյալ։ Դրանք ևս վատորակ վարկեր են, որոնց վերադարձման ռիսկայնությունը բարձր է։
Ի տարբերություն ժամկետանցների, իր գրառման մեջ երկարաձգված վարկերի մասին Նիկոլ Փաշինյանը գերադասել է ոչինչ չասել։ Մինչդեռ անցած տարի դրանք բավական կտրուկ ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ավելացել են, այլև՝ մեծացել է նման վարկերի տեսակարար կշիռը բանկերի վարկային պորտֆելում։ Եթե 2018թ. վերջին այդպիսին էր վարկերի 2,86 տոկոսը, ապա 2019թ. վերջին այն հասել է ընդհուպ 3,08 տոկոսի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2090 դիտում
10:26 09-05-2015
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում ավելացել է. 168 Ժամ
2372 դիտում
09:52 12-10-2019
Արդյունաբերական վարկերն ու օտարերկրյա ներդրումները նվազել են, կապիտալը դուրս է հոսում. «168 ժամ»
4685 դիտում
10:25 11-06-2016
Ժամկետանց վարկերը շարունակում են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի. «168 ժամ»
Այս բաժնից
2038 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2164 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան