211652_close_icon
views-count5297 դիտում article-date 20:02 09-02-2020

Գրիգորի Մարտիրոսյան. Ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվեն առավելագույն ջանքեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Իր խոսքում ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ առավոտյան ներհանրապետական բոլոր ուղղություններով ճանապարհներն անցանելի էին, փակ էր միայն Քարվաճառ-Սոթք հատվածը: Չնայած ճանապարհը բացել և իրականացվել են աղցանման աշխատանքներ՝ այն օրվա ընթացքում շարունակում էր մնալ դժվարանցանելի: Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ ծառայությունը թեժ գծի միջոցով և օնլայն հարթակում բնակչության հետ ապահովում է հետադարձ կապը՝ հորդորելով գիշերային ժամերին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ձյանմաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ապահովելով մայրաքաղի բնականոն երթևեկը: Հաշվի առնելով, որ այսօրերին պաշտպանության բանակում տեղի ունենում երդման արարողություններ՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զինծառայողների ընտանիքների ապահով տեղաշարժի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ակնկալելով այդ հարցում նաև համապատասխան գերատեսչությունների աջակցությունը: Պետական նախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվի առավելագույն ջանքեր: Հանրապետության որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել, աշխատանքներ են իրականացում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Գրիգորի Մարտիրոսյանը ընդգծել է աշխատանքների օպերատիվությունն ու հետևողականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ հարկ եղած դեպքում ավելացնելով աշխատանուժն ու տեխնիկական միջոցները:

Նմանատիպ նյութեր