211652_close_icon
views-count3674 դիտում article-date 14:54 08-02-2020

«Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա». Թեւան Պողոսյան. News.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նախօրեի հարցազրույցում նշեց, որ երբեմն գալիս են օրենքներ, որոնք միգուցե Սահմանադրության հետ խնդիր չունեն, բայց դրա կիրառումը կարող է բերել ճգնաժամային իրավիճակների: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/559192.html?fbclid=IwAR0Q6xclL61EqqfXZghhkh_G3GArgLKGip25wfp1jy_GeGLdZoekbQToNfc]News.am[/url]-ը։ «Կարող է նաեւ հակառակը լիներ, որ գալիս է մի բան, որ խնդիրներ ունի, բայց եթե նույնիսկ դիմես էլ, այնտեղից ասելու են՝ որ ամեն ինչ լավ է: Ամեն ինչ մանրակրկիտ կուսումնասիրվի, նոր որոշում կկայացվի»,-ասաց նա: Անդրադառնալով իշխանությունների կողմից սահմանադրական հանրաքվե նախաձեռնելուն եւ դրա շուրջ հակադիր տեսակետների առկայությանը, նա ասաց. «Իմ անձնական տեսակետն այն է, որ մենք երկու մասի ենք բաժանվել. առաջինը իրավական դաշտի խնդիրներն են. ես մի կողմից ներքին ուրախություն ունեմ, որ այս իրավիճակը նպաստում է մեր իրավական գրագիտության բարձրացմանը: Ես երբեւէ չեմ տեսել, որ որեւէ անգամ քննարկվի ամեն կետ, թե իրավական տեսակետից ինչ է նշանակում: Մյուս կողմից ես շատ եմ խոսել, որ եկեք հանրաքվեի կամ պլեբիսցիտի ինստիտուտը լրջացնենք եւ ժամանակ առ ժամանակ կիրառենք: Հատկապես այդ հարցը բարձրացրել են համայնքների խոշորացման ժամանակ: Առաջին անգամ երբ այդպիսի հանրաքվե եղավ, իշխանությունը հայտարարեց, որ սա խորհրդատվական է, մենք հաշվի չենք առնում: Դրանով սպանեցիք հանրաքվեի արժեքը»: Նա նկատեց, որ իհարկե, ցանկացած խնդրի հասնելու դեպքում շատ կարեւոր է, թե ինչպես ես դրան հասնում. «Այդ «ինչպես»-ը պետք է օրինական լինի, մեր ստանձնած պարտավորությունների համաձայն: Ես շատ ուրախ կլինեի, եթե օրինական ճանապարհով մենք հասնեինք, Սահմանադրական բարեփոխումների փաթեթին եւ դա դնեինք հանրաքվեի: Ուրախ կլինեի, որ օրինական-անօրինական մեկնաբանություններից զերծ գործընթաց լիներ: Եթե հանրությունը դա ամբողջությամբ ընդունում է, դա լեգիտիմ է: Եթե նույնիսկ լեգալության մեջ սխալներ են արել, բայց հանրությունը դա ընդունել է, ուրեմն դա լեգիտիմ է: Այսինքն այստեղ կա քաղաքական բաղադրիչը»: Հարցին, թե ՀՀ նախագահը ստորագրելո՞ւ է հանրաքվեի նշանակելու հրամանագիր, թե ոչ, Թեւան Պողոսյանն արձագանքեց, որ հիմա այնպես է օրենսդրությունը, որ անկախ նրանից նախագահը կստորագրի, թե ոչ, եթե կա ԱԺ որոշում, հանրաքվեի գործընթացը տեղի է ունենալու. «Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա, մենք հանրության կարծիքն իմանանք եւ դրանով մշակույթ դնենք: Բայց նաեւ դասեր քաղենք, որ հետագայում եթե հանրաքվե ենք անում, միայն լեգալ ճանապարհով անենք: Եթե ժողովուրդն իր կարծիքը ասելու հնարավորություն է ձեռք բերում եւ ասում է, դա արդեն լեգիտիմ է եւ ամենաբարձր արժեքն է»: Նա նաեւ նկատեց, որ եթե լինելու են գործիչներ, ինստիտուտներ, որոնք հակադրվում են իշխանությունների քայլերին, իրենք պայքարելու են իրենց իրավունքների համար՝ դատական համակարգերով, թե այլ կերպ: «Ես կարծում եմ, որ այս հարցերը պետք է բանակցություններով լուծվեն: Հիմա էլ ուշ չի, ասում եմ՝ գնացեք, բանակցեք: Բայց բանակցելուց առաջ հիշեք, թե ինչպիսի խոսք պետք է օգտագործես, որ դիմացինը նստի սեղանի շուրջ ու խոսի»,-ընդգծեց Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր