211652_close_icon
views-count7033 դիտում article-date 22:44 07-02-2020

Իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն օր, այլ գրեթե ամեն ժամ. Չինաստանում ՀՀ դեսպան

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «News.am» լրատվական գործակալությանը. [b]Հարց[/b]. Պարոն դեսպան, ներկայումս քանի՞ ՀՀ քաղաքացի է բնակվում Չինաստանում, իրենցից քանի՞սն են կապ հաստատել դեսպանության հետ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվել են հատուկ հարցեր, և արդյո՞ք հնարավոր է եղել դրանց լուծում տալ: [b]Պատասխան[/b]. Ներկայումս ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն՝ իրենց տվյալներն ուղարկելու դեսպանության հորդորին արձագանքել է շուրջ 470 քաղաքացի, որոնց մի մասը վերջին օրերին Հայաստան է վերադարձել: Սակայն, մեր կարծիքով, դա չի արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ կան քաղաքացիներ, որոնք դեսպանության հայտարարությանը չեն արձագանքել: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացվել է, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ վերադարձել են Հայաստան: Այսպես, համաձայն մեր նախնական հաշվարկների՝ հունվարի 25-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան է վերադարձել 214 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ առ այսօր շարունակում ենք ստանալ լրացուցիչ տեղեկություններ ՀՀ քաղաքացիներից, որոնք լրացվում են դեսպանության համապատասխան տվյալների բազայում: Մեր քաղաքացիներից դեսպանությունում որևէ հարցով ստացված դիմում (հիմնականում դիմում են էլեկտրոնային կապի միջոցով) երբևէ անարձագանք չի մնում: Բնականաբար, այս պահին դիմումների մեծ մասը վերաբերվում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա իրավիճակին, և յուրաքանչյուր դեպքում դեսպանությունը փորձում է իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել և տալ հարցի լուծում, այդ թվում՝ ՉԺՀ իշխանությունների հետ համագործակցության շրջանակներում: [b]Հարց[/b]․Նման մեծ պետությունում ինչպե՞ս է դեսպանությունը կապ ապահովում ՀՀ քաղաքացիների հետ: Արդյո՞ք առկա են բարդություններ: Ինչպե՞ս է պահպանվում կապը: [b]Պատասխան[/b]. Իրավացի եք, նման մեծ երկրի պայմաններում դեսպանություն են այցելում հիմնականում Պեկինում բնակվող ՀՀ քաղաքացիները, իսկ այլ քաղաքներում բնակվող քաղաքացիների հետ կապն ապահովվում է հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև օգտագործվում են սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների հարթակները, որտեղ գրանցված են ՉԺՀ-ում բնակվող հայերը, ինչպես նաև դեսպանության դիվանագետները: Սկզբունքորեն որևէ խնդիրներ կապի ապահովման հարցում չկան, բացառությամբ կայուն հեռախոսակապի բարդություններին առնչվող մի քանի քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների, որոնք լուծվել են: [b] Հարց[/b]․ Օրերս քաղաքացիներից մեկի կողմից հրապարակում եղավ, որ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին չի ներկայացրել հստակ քայլերի դիմելու հորդոր, այլ նշել է, որ քաղաքացիները պետք է իրենք որոշենք իրենց հետագա քայլերը: Արդյոք ինչ հորդորներ են ներկայացվել ՀՀ քաղաքացիներին և ինչի մասին է խոսքը: [b] Պատասխան[/b]. Ինչպես նշվեց, վերջին օրերին ստացված դիմումները և հարցադրումները կապված էին ստեղծված իրավիճակի հետ: Հարկ է նշել, որ իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն օր, այլ գրեթե ամեն ժամ: Այս իրավիճակում դեսպանությանը դիմած քաղաքացիների շրջանում տարակարծություն կա. նրանցից ոմանք ցանկություն են հայտնում մեկնելու Չինաստանից, մյուսները հստակ նշում են, որ իրենց ապահով են զգում Չինաստանում ներկա բնակության վայրում և կարծիք հայտնում, որ ամենամեծ ռիսկերը պարունակում է հենց տեղափոխվելու գործընթացը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացուն մանրամասն բացատրվում է ներկա իրավիճակը, սակայն, որևէ մեկին դեսպանությունը չի կարող պարտադրել ընդունել այս կամ այն որոշումը: Նշեմ նաև, որ ներկայումս որևէ պետություն չի իրականացնում իր քաղաքացիների տարհանում Չինաստանից՝ բացառությամբ Հուբեյ նահանգի: [b]Հարց[/b]․ Արդյո՞ք հայերի մեջ կան կորոնավիրուսով վարակվածներ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստան տեղափոխվող քաղաքացիների՝ կարանտինում պահելու ուղղությամբ: [b] Պատասխան[/b]. Ներկա պահին դեսպանությունը տեղեկություններ չի ստացել Չինաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպքերի մասին: Վստա՛հ եղեք, որ նման դեպքում դեսպանությունը անմիջապես կտեղեցկացվեր, մանավանդ, որ օտաերկրացիների վարակման դեպքերը գտնվում են ՉԺՀ իշխանությունների հատուկ ուշադրության ներքո: Հայաստանում Չինաստանից տեղափոխված քաղաքացիներին կարանտինում պահելու մասին հարցով կարծում եմ առավել նպատակահարմար է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը: Եթե չեմ սխալվում, այս հարցով արդեն նախարարությունից արձագանք եղել է: [b]Հարց․[/b] Արդյոք ՀՀ քաղաքացիները ցանկանո՞ւմ են վերադառնալ Հայաստան, վերադարձի քանի դիմում է ներկայացվել ՀՀ դեսպանություն: [b] Պատասխան.[/b] Դեսպանություն դիմած քաղաքացիների կարծիքներն այդ հարցի կապակցությամբ նույնպես միանշանակ չեն: Ոմանք հայտնում են, որ որևէ ցանկություն չունեն նման վիճակում վերադառնալու, ոմանք էլ նշում, որ պարտադիր վերադառնալու են Հայաստան: Ընդ որում, վերջիններիս հարցերը հիմնականում կապված են ընտրվելիք երթուղիների, ավիաընկերությունների, տարանցիկ երկրներում ստեղծված պայմանների հետ: ՀՀ քաղաքացիների մի մասը ցանկություն է հայտնել անմիջապես վերադառնալ Հայաստան: Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳՆ-ի հանձնարարությամբ դեսպանությունը համապատասխան հայտարարություն է տարածել Չինաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների շրջանում, որով հորդորում է հստակեցնել Հայաստան վերադառնալու իրենց ցանկությունը: Այսօրվա դրությամբ այդ հայտարարությանն արձագանքել է 15 ՀՀ քաղաքացի: Ստացված պատասխաններն ամփոփելուց հետո կկայացվի համապատասխան որոշում: [b]Հարց․[/b] Արդյո՞ք դիտարկվում է ֆինանսական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, և արդյո՞ք նման դիմումներ ստացվել են: [b] Պատասխան[/b]. Ինչ վերաբերում է քաղաքացիների ֆինանսական խնդիրներին, ապա նշեմ, որ նմանատիպ հարցեր արձանագրվել էին առաջին մի քանի օրվա ընթացքում. այդ հարցերով դիմած քաղաքացիներն արդեն վերադարձել են հայրենիք: Յուրաքանչյուր նման դիմում պահանջում է հատուկ քննարկում և մոտեցում: [b] Հարց․[/b] Օրեր առաջ «Ուրալ ավիաուղիները» մերժել էին տեղափոխել ՀՀ քաղաքացիներին. ինչ կասեք այս մասին, բարձրացվել է արդյոք այդ հարցը պատկան մարմինների կողմից: [b] Պատասխան[/b]. Այո, նման միջադեպեր արձանագրվել են: «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունը պատճառաբանել էր դա այն հանգամանքով, որ իրենք իրականացնում էին ոչ կանոնավոր չարթերային չվերթ, և ստեղծված իրավիճակը չինական կողմի պահանջն էր: Ի դեպ, խոսքը վերաբերում էր ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև բոլոր օտարեկրյա, ներառյալ՝ Չինաստանի քաղաքացիներին: Այդ միջադեպի ընթացքում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիներին հորդորվել էր տեղում ստանալ փոխհատուցումը և անմիջապես փորձել տեղափոխվել «Աերոֆլոտի» կանոնավոր չվերթով, ինչը և արվել է: Միևնույն ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները չեն կարողացել ստանալ փոխհատուցումը, ինչի կապակցությամբ դեսպանությունը հետևողական աշխատանքներ է տարել և Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում՝ ներկայումս նշված քաղաքացիները կարող են կարգավորել հարցը «Ուրալի ավիաուղիներ» Երևանի գրասենյակում: [b]Հարց[/b]. Դուք նշեցիք ՀՀ երկու քաղաքացու տարհանման մասին Ուհան քաղաքից: Արդյո՞ք կարանտինում գտնվող ՀՀ քաղաքացիները իրենք են անձամբ հոգում իրենց բժշկական ծախսերը, քանի որ գուցե նաև դա է հանդիսանում տարհանվելուց հրաժարվելու պատճառներից մեկը: [b] Պատասխան[/b]. Ինչպես նշել էինք մեր բազմաթիվ հաղորդագրություններում, կարանտինի հայտարարումից հետո փակ գոտում մնացել էին 11 ՀՀ քաղաքացի (այդ թվում՝ 4 հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիք, որոնցից մեկը դեռ չէր հասցրել ստանալ հայաստանյան անձնագիր): ԱԳՆ-ների և դեսպանությունների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ տարհանել Հայաստանի մեկ քաղաքացու Ղազախստան և մեկ քաղաքացու՝ դեպի Ռուսաստան: Դեսպանության բազմաթիվ հորդորներին ի պատասխան՝ մնացած քաղաքացիները կամավոր հրաժարվել են տարհանումից՝ արդեն նշված պատճառներից ելնելով: Դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է կարանտինային գոտում մնացած քաղաքացիների հետ, և հարկ է նշել, որ վերջիններիս մոտ չկան խուճապային տրամադրություններ: Ինչ վերաբերում է բժշկական սպասարկմանը, ապա այդ հարցը պետք է բաժանել երկու մասի: Այն քաղաքացիները, որոնք սովորում են ՉԺՀ բուհերում և ապրում են ուսանողական հանրակացարաններում, ենթարկվում են ամենօրյա բժշկական զննման, իսկ նրանց սենյակները՝ վարակազերծման: Այն քաղաքացիները, որոնք ժամանել են Չինաստան աշխատելու անհատական պայմանագրերով և բնակվում են վարձակալված բնակարաներում, հայտնել են մեզ, որ հարցման կամ զննման նպատակով շաբաթը մեկ անգամ նրանց այցելում են ՉԺՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, շենքերի ընդհանուր տարածքները ենթարկվում են ամենօրյա վարակազերծման, իսկ համատիրական շենքերի տարածքից դուրս և ներս գալու ընթացքում պարտադիր ստուգվում է ջերմությունը: Որևէ լրացուցիչ վճարումներ չեն կատարվում: Միաժամանակ սոցիալական հարթակներում ստեղծված են հատուկ տեղեկատվական հավելվածներ (մասնավորապես՝ Ալիպեյում), որոնք թույլ են տալիս, անհրաժեշտության դեպքում, ստանալ մասնագիտական պատասխաններ: [b]Հարց[/b]․ Ի՞նչ խորհուրդ կտաք Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ [b]Պատասխան.[/b] Մենք հասկանում ենք, որ այս ժամանակահատվածում Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես և բոլոր օտարերկրացիների վիճակը հեշտ չէ: Միևնույն ժամանակ կրկին խնդրում ենք խուսափել խուճապային տրամադրություններից: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վարակի տարածումը տեղի է ունենում հիմնականում Հուբեյ նահանգում: Այլ նահանգներում հիվանդության տարածման ծավալները համեմատաբար շատ ավելի փոքր են: Շատ կարևոր է նաև օգտվել և տարածել միայն ստուգված տեղեկատվություն, քանի որ այս իրավիճակում սխալ տեղեկատվության վրա հիմնված խուճապային տրամադրությունները բավական դյուրին են ձևավորվում: Իհարկե, նաև հորդորում ենք, անհրաժեշտության դեպքում, անմիջապես կապի դուրս գալ Պեկինում ՀՀ դեսպանության հետ, որն այս օրերին աշխատում է շուրջօրյա ռեժիմով:

Նմանատիպ նյութեր